
Մարտի 23-ին` Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում, Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները 2-րդ անգամ հանդիպեցին միմյանց: Վրաստանի հավաքականը 6։1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին։ Վրաստանում խաղի ավարտից հետո տարածվեցին կադրեր, որտեղ երևում էր, որ երկրպագուների միջև լարվածություն է եղել:
Դեպքի առթիվ պետական մակարդակով, երկու կողմից էլ պաշտոնական հայտարարություններ դեռևս չհնչեցին, հայտնի չէ նաև այն, թե՝ արդյո՞ք ՆԳՆ-ն հետաքննում է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների վրա հարձակումը։ Սակայն միջադեպը լայն քննարկվում է սոցիալական տարբեր հարթակներում:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է Հայաստանի հետ խաղից հետո մի խումբ երկրպագուների խաղադաշտ ներխուժմանը։ Geo Team-ի փոխանցմամբ նշել է Կոբիաշվիլին։
«Նման գործողությունը հյուրերի, երկրպագուի նկատմամբ անընդունելի է և թիմին հնարավորություն չի տրվել երկրպագուների հետ տոնելու հաղթանակը։ Այս գործողության պատճառով մեր թիմը և հավատարիմ երկրպագուները կարող են ենթարկվել պատժամիջոցների», – ասել է Լևան Կոբիաշվիլին։
Խաղի ժամանակ արված տեսանյութում երևում է, որ երկրպագուները ցատկում են արգելապատնեշների վրայով, իսկ ոստիկաններն ու հսկիչները փորձում են կասեցնել քաոսը:
Ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ ու մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի մասնակցությամբ տեսանյութում նա ևս պատմում է, որ
առարկաներ են նետվել հայ երկրպագուների ուղղությամբ։
«Կարելի է ասել, որ «Դինամո Արենայում»՝ հայկական և վրացական հատվածների միջև, ընդհանրապես անվտանգություն չկար, երկրպագուների մեջ չկար ոչ մի ոստիկան, նույնիսկ խորհրդանշական: Ես ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Մենք՝ հայ երկրպագուներս, ստիպված էինք մեկուկես ժամ սպասել, մինչև բոլորը դուրս գան Դինամոյից, և միայն դրանից հետո մեզ թույլ տվեցին դուրս գալ, արդեն բավականին ցուրտ էր։ Այս ընթացքում մեզ հետ եղած կանայք ու երեխաները շատ վախեցան, ոմանք նույնիսկ ծայրահեղ վախեցած։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել», – պատմում է նա:
Իրավիճակին զուգահեռ, ֆեյսբուքյան տիրույթում դեպքը քննարկման առարկա դարձավ նաև վրացի օգտատերերի կողմից, որոնց գերակշիռ մասը դադապարտեց տեղի ունեցածը և իր համերաշխությունը հայտնեց եղբայրական հայ ժողովրդին:
«Երեք օր առաջ ներկա էի Երևանում կայացած Հայաստան-Վրաստան հանդիպմանը։ Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որ աշխարհում չգիտեմ որևէ այլ ազգ, որը քեզ այսքան ջերմ կընդունի, զգաս, որ եղբայր ես և, չնայած 0-3 պարտությանը, անկեղծորեն շնորհավորի քեզ։ Այս սերը զգացվում էր սրճարաններում, սուպերմարկետներում, փողոցներում և ամենուր։ Երբ տեսան քեզ վրացական դրոշով, ժպտացին քեզ, մոտեցան քեզ և հարցրին, թե քեզ ինչ-որ բանով օգնություն պետք է, և ամեն կերպ փորձում էին քեզ հարգել։ Ես նույնպես շատ առումներով եղել եմ սխալ կարծրատիպերի զոհ, բայց երբ իմ աչքով տեսա հայերի վերաբերմունքը մեր հանդեպ, շատ բաներ վերագնահատեցի։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն ամոթ է սպորտի, այլև ողջ երկրի համար։ Վրացի մարդու բնավորության մեջ երբեք չի եղել ծաղրել կամ արհամարել ընկածներին։ Երբ դու երկու խաղում հաղթում ես մրցակցիդ 9-1 հաշվով և դեռևս վազում ես խաղադաշտ և հակառակորդ թիմի երկրպագուների վրա բաներ ես նետում, դու այլ բան չես ուզում, քան վատ բան քո երկրի համար, դա հայրենասիրություն չէ, դա մեծամտություն է: Անձամբ ես ներողություն եմ խնդրում այն հայերից, ովքեր եկել էին Վրաստան՝ աջակցելու իրենց երկրին, և մենք չկարողացանք ցուցաբերել այն հյուրընկալությունը, որը նրանք մեզ ցուցաբերեցին», – գրում է Գիորգի Շուբիթիձեն:
«Հայերը մեզ 10:0 հաղթեցին հյուրընկալության, մշակույթի, էթիկայի և մարդկության մեջ ևս: Ամոթ ու ինքնախեղում: Այս մասին կամ ազգային հավաքականը կամ ֆեդերացիան պետք է գոնե բարձրաձայնեն ու ներողություն խնդրեն հայերից», – գրում է բլոգեր Թամթա Թաթարաշվիլին։
Շատ օգտատերեր, բլոգերներ, ակտիվիստներ և ֆուտբոլասերներ սկսեցին նաև ներեղություն խնդրել, դատապարտելով կատարվածը և որակավորելով այն դիտավորյալ սադրանք:
Ավելու ուշ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գիորգի Քոչարաշվիլին իր ինսթագրամյան էջում ջերմ լուսանկար է հրապարակել Հայաստանի հավաքականի խաղացող Էդգար Սևիկյանի հետ և գրել է՝ «Պարզապես ավելին… քան ֆուտբոլ»:
Այսպիսով, ամփոփելով խաղը նշենք, որ Վրաստանը մնում է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնում, իսկ Հայաստանը կտեղափոխվի C դիվիզիոն: Դուբլի հեղինակ են դարձել Օթար Քիտեիշվիլին ու Գիորգի Միքաուտաձեն։
Հիշեցնենք, որ Վրաստան-Հայաստան հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է Օթար Քիտեիշվիլին։ 10-րդ րոպեում Գիորգի Միքաուտաձեն հաշվի տարբերությունը հասցրեց երկու գնդակի։ 23-րդ րոպեին Գիորգի Չակվետաձեի գոլով թիմը երեք միավորով առաջ անցավ: 27-րդ րոպեին Օթար Քիտեիշվիլին խփեց չորրորդ գոլը։ 35-րդ րոպեին Միքաուտաձեն հաշվի տարբերությունը հասցրեց հինգի, դա նրա երկրորդ գոլն էր։
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 5:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում՝ 48-րդ րոպեին, Էդգար Սևիկյանը շեղ հարվածով հեղինակավոր գոլի հեղինակ դարձավ։
Երկրորդ խաղակեսում Վրաստանի հավաքականը խփեց ընդամենը մեկ գնդակ՝ Խվիչա Կվարացխելիան՝ 62-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Վրաստանի և Հայաստանի հավաքականներն իրենց պատմության ընթացքում հանդիպել են 9 անգամ։ Վրաստանը հաղթել է հինգ անգամ, երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ Հայաստանի հավաքականը հաղթել է երկու անգամ։
Sport.news.am-ի փոխանցմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտնել է, որ Թբիլիսիի «Դինամո Արենայում» տեղի ունեցած անկարգություններից և հայ երկրպագուների նկատմամբ սադրանքից հետո Վրաստանի հավաքականի երկրպագուների շարժումը ներողություն է խնդրել։
«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` «Կոմագեբին», ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում։
Ինչպես նշել եմ մի քանի անգամ, ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը կնպաստի կարծում եմ՝ որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան»։