Աբուլ գյուղի բնակիչների երկար տարիների անլուծելի խնդիրը կարծես թե գտնում է իր հանգուցալուծումը: Գյուղի գազիֆիկացումն իրականացնում է SJGC գազաբաշխիչ ընկերությունը։

«Մենք մեր գյուղի բնակիչներով գումարը ենք հավաքել,  որ մեր գյուղում էլ գազ լինի, հոգնել ենք փայտե վառարան օգտագործելուց։ Բնակչության մեծամասնությունը վարկ է վերցրել, որ կարողանա վճարել», – ասում է գումարը հավաքողներից Բդոյան Ռուսլանը։

Աբուլի բնակիչները մեկ կետի համար պետք է վճարեն 1 200 լարի։

«Այս տարի վերջապես կունենանք բնական գազ։ Տուն կա, որ դատարկ է, դրսում ապրող մարդիկ ևս գումար են ուղարկել գազ քաշելու համար։ Գազն ավելի էժան է մնացած վառելիքների համեմատ, պատկերացրեք, ամեն ամիս ես էլեկտրաէներգիայի համար 150-180 լարի եմ վճարում, չհաշված վառելափայտը, որի մեկ շարքի արժեքը 600-700 լարի է։ Ձմռանը միջին ընտանիքին անհրաժեշտ է 5 շարք փայտ», – ասում է Ժորժիկ Հովհաննիսյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղում մինչև հիմա ջեռուցումն իրականացվում է փայտե վառարաններով։ Մարդիկ փայտ են վառում, որ տաքանան։

111

Աբուլցիները նշում են, որ նորմալ ապրելու տարրական պայմաններից մեկը գազիֆիկացումն է, որը շուտով հասանելի կդառնա նաև իրենց համար։

SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ Աբուլ գյուղում գազիֆիկացման աշխատանքների մեկնարկի համար սպասում են Ախալքալաքի քաղաքապետարանի թույլտվությանը, որից հետո կսկսեն գազատարի շինարարությունը:

«Հիմնականում մենք բանակցություներ ենք տարել գյուղից 4 մադու հետ, ովքեր որ հավաքել են գումարը։  Գումարի մի մասը մենք ենք տալիս, մյուս մասը հովանավորները, բոլոր տեղերում մեկ կետի արժեքը 400 լարի է, եթե այն գտնվում է 300 մետր հեռավորութան վրա։ Քանի որ Աբուլ գյուղում գազատար խողովակ չկա, ըստ այդմ՝ մայրուղու շինարարությունն իրականացնում ենք համատեղ ուժերով»,- պարզաբանեց Բերիկյանը։

Աբուլ գյուղում գազաբաշխիչ SJGC ընկերությունը կունենա 109 բաժանորդ։ Փաստացի ներկա պահին գյուղում ապրում է 96 ընտանիք։