Թբիլիսիում ընթացող B դիվիզիոնի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6։1 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ։

Առաջին խաղակեսը Վրաստանն ավարտեց 5։0 հաշվով։ 4-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլիի հարվածից հետո գնդակը մտավ դարպաս, ինքնագոլ ստացավ Վարազդատ Արոյանը։ 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գեորգի (Ժորժ) Միկաուտաձեն, իսկ 24-րդ րոպեին՝ Գեորգի Չակվետաձեն։ 27-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օթար Կիտեիշվիլին, իսկ 35-րդ րոպեին Միկաուտաձեն դուբլի հեղինակ դարձավ։

Երկրորդ խաղակեսը Հայաստանի հավաքականը սկսեց գոլով. Էդգար Սեւիկյանը գոլի հեղինակ դարձավ (5:1):

Իսկ 62-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 6:1։

Մարտի 20-ին կայացած առաջին խաղում Վրաստանի հավաքականը նույնպես հաղթանակ է տարել 3:0 հաշվով: Այսպիսով, վրացական թիմը պահպանեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշրջանում B դիվիզիոնում հանդես գալու իրավունքը։ Հայաստանի հավաքականը կշարունակի խաղալ C դիվիզիոնում։