Մարտի 23-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ Թբիլիսիում նշվեց Հովհաննես Թումանյանի մահվան 102-րդ տարելիցը։ Այս կապակցությամբ, Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կատարվեց հոգեհանգստի կարգ՝ բանաստեղծի հոգու խաղաղության համար։ Միջոցառմանը մասնակցեցին թբիլիսահայ մտավորականներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և դպրոցականներ, որոնք ծաղիկներ խոնարհեցին մեծն գրողի շիրիմին։

Տարելիցի շրջանակներում Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում անցկացվեց հիշատակի միջոցառում։ Թեմակալ առաջնորդի բարեմաղթանքով և կենտրոնի էքսկուրսավարներ Գոհար Մազմանյանի ու Էդիտա Զորաբյանի նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցեցին Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի և թիվ 103 վրաց-հայկական դպրոցի աշակերտները, ովքեր ներկայացրին Ազգային մեծ բանաստեղծի ստեղծագործությունները՝ ասմունքելով հայերեն, վրացերեն և անգլերեն։

Միջոցառման շրջանակներում հնչեցին նաև երաժշտական կատարումներ՝ դպրոցականներ Էլիզաբեթ և Վերոնիկա Սեդրակյանների, ինչպես նաև Արամ Խաչատրյանի դաշնամուրային ներկայացմամբ։

tumanyann

Միջոցառման ավարտին «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը նշեց, որ Թումանյանի մարդասիրական գործունեությունը հատկապես Հայոց մեծ Եղեռնի տարիներին մնաց որպես նվիրվածության օրինակ։