
Սոցիալական ցանցերի հայկական և վրացական սեգմենտում բուռն քննարկվում է Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ Հայաստանում վրացական պետհամարանիշների գողության մասին լուրերը։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։
Հայտնի հայ լրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում մարտի 20-ին, գրել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ Հայաստանում վրացական պետհամարանիշների գողության դեպքի մասին։ Նա ընթերցել է սոցիալական ցանցերում տարածված մեկնաբանությունները և նշել, որ իրավիճակը էական վնաս է հասցնում Հայաստանի իմիջին։
«Վրացական սոցիալական ցանցերի սեգմենտը ակտիվորեն տարածում և քննարկում է, որ Հայաստան-Վրաստան խաղը դիտելու համար Երևան եկած վրացի ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշները գողացել են և դիմացը գումար պահանջել: Սա ազգային արժանապատվության, հեղինակության խնդիր է, իմիջի խնդիր է: Ոստիկանությունը շատ խիստ պետք է այս երևույթին արձագանքի: Ստորև տեղադրում եմ վրացական տիկտոկում տարածվող տեսանյութերի բովանդակությունը, որը թարգմանեց Վրաստանի գործընկերս @anjella_saroyan-ը: Դեռ 24 ժամ չի անցել, ինչ գտնվում ենք Երևանում, կյանքում առաջին անգամ եմ նման բան իմանում, մեքենայի համարանիշներն են գողացել, թողել են տելեգրամյան ալիքի հասցե: Գրեցինք, պահանջում են գումար, որ վերադարձնեն մեր համարանիշները, առանց այդ համարանիշների չենք կարող դուրս գալ երկրից: Դիմեցինք ոստիկանությանը, օրենքի լուրջ խախտում չեն համարում սա: Մենք ուշանում ենք, հնարավոր է, որ ընդհանրապես չհասցնենք վերադառնալ… Այս ինչ երկիր է, այս ինչ քաղաք է. առաջին անգամ եմ նման բան լսում, որ գողանում եմ մեքենաների համարանիշներ՝ գումար պահանջելու համար, դե իհարկե, վրացական համարանիշներ են գողանում, դե հայկականին ձեռք չեն տալիս … շատ լավ է»։
News.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ՆԳՆ-ն հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության մասին տարածված տեղեկատվությունը։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն», – «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հարկ է նշել, որ նախկինում նման բան հաճախ էր պատահում Ջավախքի բնակիչների հետ, ովքեր Հայաստան էին մեկնում տարբեր պատճառներով։ Ինչպես հայտնում է Hetq.am-ը, ըստ Հայաստանի ՆԳՆ-ի հինգ տարվա ընթացքում մեքենայի պետհամարանիշները գողանալու ամենաշատ դեպքերն արձանագրվել են 2021-ին՝ 589, հաջորդող տարիներին այս թիվը նվազել է, 2024-ին՝ 240 դեպք։Սա միայն Ոստիկանություն ստացված հաղորդումների թիվն է, բայց լինում են դեպքեր, երբ վարորդը չի դիմում Ոստիկանություն։