Բոլորովին վերջերս, ծնունդով Դիլիսկա գյուղից, 15-ամյա Յուրի Գրիգորյանը 70 կգ քաշային կարգում դարձավ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոն։

Ի տարբերություն իր հասակակիցների, Յուրին իր երեկոներն անցկացնում է քրտնաջան մարզումներով, որի արդյունքն ակնհայտ երևում է:

Յուրին սիստեմատիկ սկսել է Ախալքալաքի մարզահամալիր հաճախել 7 տարեկանից։ Ասում է՝ շատ նպատակներ ու երազանքներ ունի, սակայն երազանքներն իրականանում են, եթե ճիշտ քայլեր ես ձեռնարկում։

9675Լուսանկարում Ախալքալաքի մարզահամալիրի սաներն են

15-ամյա չեմպիոնի կյանքում մեծ ազդեցություն է ունեցել իր անձնական մարզիչը՝ Վենետիկ Ղազարյանը, որը միշտ օգնել է իրեն, խորհուրդ է տվել, և իր կողքին է եղել:

«Սա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլև մեր թիմի ընդհանուր հաղթանակը, քանի որ մենք մարզվել և պատրաստվել ենք միասին»,- ասում է Վրաստանի բռնցքամարտի չեմպիոն Յուրի Գրիգորյանը:

Մեր հերոսն այժմ ապրում է Ախալքալաքում, և արդեն 8 տարի է իրեն նվիրել է մարզումներին: Մարզիչի խոսքով, Յուրին շատ ակտիվ և աշխատասեր է, տարիներ շարունակ քրտնաջան մարզումների և աշխատասիրության արդյունքում, նա կարողացավ 15 տարեկանում չեմպիոն դառնալ։

«Յուրիի հետ մեծ հույսեր ենք կապում։ Ես նրան տեսնում եմ ավելի մեծ ռիգներում, եթե մարդը ինքն իր վրա աշխատում է, ապա արդյունք անպայման լինում է։ Դպրոցն ավարտելուց հետո, շատ երեխաներ կիսատ են թողնում սպորտով զբաղվելը, հույս ունեմ, որ Յուրիի դեպքում այդպես չի լինի և նա կշարունակի բռնցքամարտով զբաղվել»,- ասաց Վենետիկ Ղազարյանը։

777Լուսանկարում Յուրի Գրիգորյանն է իր անձնական մարզիչ՝ Վենետիկ Ղազարյանի հետ

Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ և բռցքամարտիկ Ատոմ Էլիզբարյանն ասում է․

«Յուրի Գրիգորյանը 2023 թվականին Սլովենիայում մասնակցել է նաև Եվրոպայի առաջնությանը, ունեցել է երկու մենամարտ, մեկ հաղթանակ և մեկ պարտություն, բայց պարտությունը նրան չի հիասթափեցրել։ Յուրին ավելի մեծ ջանասիրությամբ սկսեց մարզվել և այս տարի՝ փետրվարին  մասնակցելով Վրաստանի բռնցքամարտի առաջնությանը գրավեց առաջին տեղ․ 5 մենամարտ և 5 գեղեցիկ հաղթանակ»։

Յուրին Ախալքալաքի մարզահամալիրի լավագույն սաներից մեկն է։  Հատկանշական է՝ թե անձնական մարզիչը, թե Ախալքալաքի մարզահամալիրի տնօրենը Յուրիին տեսնում են ավելի մեծ ռինգներում։

Հավելենք, որ ընդամենը տաս օր առաջ հավաքներ են անցկացվել Վրաստանի, Ադրբեջանի և Հունաստանի բռնցքամարտիկների միջև, որտեղ Յուրի Գրիգորյանն անցկացրել է երեք մենամարտ և երեքն էլ ավարտել է հաղթական ելքով։