
Ախալքալաքի ավտոկայանը, ամենուր կուտակված աղբի պատճառով, գտնվում է հակասանիտարական վիճակում։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնն այնտեղից աղբը չի հավաքում, քանի որ այն մասնավոր տարածք է, ու ավտոկայանի ղեկավարությունն այդ ծառայությունը ստանալու համար նրանց չի դիմել։ Ըստ Հանրային ռեգիստրի napr.gov.ge պետական կայքի, Ախալքալաքի ավտոկայանի տարածքը բաժանված է 3 մասի և ունի երկու սեփականատեր։
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեկ ավտոկայան, որը գտնվում է Ախալքալաքի հյուսիսային մասում՝ քաղաքի սկզբնական հատվածում, Ախալցիխեի կողմից դեպի Ախալքալաք մուտքից ոչ հեռու։ Այս վայրում ավտոկայանը գործում է խորհրդային ժամանակներից։ Մինչեւ 1980-ական թվականներն ավտոկայանի շենքը կիսավեր, փոքրիկ, մեկ հարկանի, առանց հարմարությունների կառույց էր, իսկ տարածքն անբարեկարգ էր։ Այս վայրում, ավտոկայանի նոր շենքը կառուցվել է 1980-ականներին: Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1990-ականների սկզբին, երբ տարածքը դարձավ մասնավոր սեփականություն, այն փոքր-ինչ բարեկարգվեց։ Անցել է գրեթե երեք տասնամյակ, սակայն այստեղ հիմնանորոգում չի իրականացվել։ Փոքր շենքը, որտեղ տոմսեր են վաճառվում, և հենց ավտոկայանի շրջակայքը այժմ լքված ու խարխուլ տեսք ունեն։ Տարածքը, որտեղ կանգնում են երթուղայինները, անմխիթար վիճակում է, երկու կողմից ամբողջ տարածքը լցված է կենցաղային և այլ աղբով, ամենուր ցելոֆան է թափված, և ընդհանուր առմամբ տարածքը անբարեկարգ տեսք ունի։ Համեմատաբար նոր շենքի դիմաց, որը ժամանակին որպես կլինիկա է գործել, նույնպես շինարարական աղբ է կուտակված։ Կողքից դիտարկումներով այնտեղ բարեկարգում է ընթանում։
Ախալքալաքի աղբահանությամբ զբաղվում է Սպասարկման կենտրոնը, սակայն երկար ժամանակ է ավտոկայանի տարածքում այն չի տեղադրում աղբարկղեր ու աղբահանություն չի իրականացնում։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, ավտոկայանից աղբահանությունը դադարեցվել է մի քանի տարի առաջ՝ մինչ նրա տնօրեն նշանակվելը։
«Դեռ Բիչախչյանի ժամանակ (խմբ․՝ Սպասարկման կենտրոնի նախկին տնօրենը) մենք տարածքից աղբահանությունը դադարեցրել էինք, քանի որ հրաժարվել էին վճարել։ Այժմ ղեկավարությունը փոխվել է, սակայն մեզ էլի չեն դիմել, որ աղբը հեռացնենք տարածքից, այնտեղ աղբամաններ չունենք, բայց գլխավոր փողոցում աղբամաններ ենք տեղադրել ու աղբահանում ենք։ Դա մասնավոր սեփականություն է»,- ասում է Մխիթար Ռստակյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբահանության վճարը իրավաբանական անձանց համար կազմում է 25 լարի 1 խորանարդ մետր աղբի դիմաց։
Պարզելու համար, թե ինչու է Ախալքալաքի ավտոկայանի տարածքը աղբով է լցված, ինչպես նաև, համապատասխանելու է արդյոք քաղաքի ավտոկայանը նոր չափանիշներին, որոնք ներդրվում են հանրապետությունում, մենք փորձեցինք գտնել տարածքի սեփականատերերին։ Հանրային ռեգիստրի տվյալներով, 2017 թվականից ավտոկայանի 2000 քառ/մ տարածքը բաժանված է 3 մասի։ 2023 թվականի փետրվարից հիմնական, կենտրոնական մասի սեփականատերը Աստղիկ Գաբրելյանն է, ում հետ Jnews-ը դեռևս չի կարողացել կապ հաստատել, իսկ ծայրամասի երկու հատվածերը 2017 թվականից պատկանում են «Կուլդա» ՍՊԸ-ի ղեկավարի փեսային, ով համարվում էր ավտոկայանի սեփականատերը։ Սակայն, ըստ պաշտոնական փաստաթղթերի, «Կուլդա» ՍՊԸ-ն Արարատ Հովհանեսյանին պատկանող հատվածերը մինչև 2018 թվականը վարձակալել է: Բաց տվյալների բազաներում այլ պաշտոնական տեղեկատվություն չկա։
Jnews-ը կշարունակի աշխատել սեփականատերերի հետ կապ հաստատելու և ավտոկայանի բարելավման վերաբերյալ նրանց ծրագրերի մասին իմանալու ուղղությամբ, քանի որ Վրաստանի ավտոկայանների համար նոր կանոնակարգեր են ներդրվում։
Այլևս ոչ ոք չի կարող ուղևոր տեղափոխել առանց բժշկական զննության