Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում ավարտվել են «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) շրջանակներում առաջնահերթ աշխատանքների ընտրության ժողովները: Գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչներն արդեն ներկայացրել են իրենց գյուղում ընտրված աշխատանքները։ Գյուղերի մեծ մասում դա ենթադրում է գյուղացիների հավաքատեղիների վերանորոգում և լուսավորության անցկացում:

Գյուղերում ավարտվել են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում առաջնահերթ աշխատանքների ընտրության ժողովները: Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն նայել և հաստատել է այն աշխատանքների ցանկը, որոնք գյուղերը պետք է իրականացնեն այս ծրագրով։ Սակրեբուլոյի կողմից աշխատանքների ցանկը հաստատվելուց հետո կսկսվեն նախագծերի մշակման աշխատանքները, որից հետո կհայտարարվեն աշխատանքների կատարման մրցույթները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, գյուղերն, աշխատանքները մինչև վերջ ավարտելու համար հիմնականում ընտրել են մեկ աշխատանք: Թեեւ կան գյուղեր, որոնք, այնուամենայնիվ, նախընտրել են մի քանի աշխատանք ներկայացնել։ Ամենաշատ աշխատանք ընտրել է Դադեշ գյուղը՝ 4 աշխատանք։ Կումուրդո, Քարսեփ, Ազմանա, Սուլդա, Չամդուրա, Պտենա և Կոթելիա գյուղերն ընտրել են երկուական աշխատանք։

«Գյուղերի մեծ մասն ընտրել է գյուղացիների հավաքատեղիների վերականգնումն ու լուսավորությունը: Հիմնականում գյուղերը մեկ աշխատանք են ներկայացրել, որպեսզի այն ավարտին հասցնեն։ Այս տարի ևս, աշխատանքներն ավարտելու համար, տեղական բյուջեից, գյուղերին լրացուցիչ միջոցներ կհատկացվեն »,- ասաց Արա Մովսիսյանը:

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի ՕԳԾ-ով նախատեսված գումարը չի փոխվել և կազմում է 922.000 լարի: Տեղական բյուջեն ևս ՕԳԾ-ի գումարի նշանակալի մասի չափով գումար կհատկացնի գյուղերին, որպեսզի աշխատանքներն ավարտին հասցվեն:

Ներկայացնում ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ընտրված աշխատանքները.

Ազավրեթ – մշակույթի կենտրոնի ջեռուցման համակարգի տեղադրում և վերակառուցում;
Բուռնաշեթ – արտաքին լուսավորություն;
Լոմարուրցխ – մինի մարզադաշտի կառուցում;
Ղադոլար – ծիսակատարությունների տան համար գույքի գնում;
Ալաստան – արտաքին լուսավորության անցկացում;
Կոկիա – գյուղացիների հավաքատեղիի կառուցում;
Վարեւան – արտաքին լուսավորության անցկացում;
Արագովա – արտաքին լուսավորության անցկացում;
Թոթխամ – Խմելու ջրի խողովակների գնում;
Կորխ – գյուղացիների հավաքատեղիի համար գույքի գնում;
Մաջադիա – գյուղացիների հավաքատեղիի վերակառուցում;
Օրջա – երիտասարդական կենտրոնի վերականգնում;
Բարալեթ – գերեզմանոցի տարածքում տաղավարի կառուցում;
Մեծ Սամսար – երիտասարդական կենտրոնի վերականգնում;
Էխտիլա – մանկական խաղահրապարակի կառուցում;
Մերենիա – գյուղացիների հավաքատեղիի կառուցում;
Փոքր Սամսար – գյուղացիների հավաքատեղիի վերականգնում;
Գոգաշեն – արտաքին լուսավորության անցկացում;
Ափնիա – ոռոգման խողովակների գնում;
Կումուրդո – արտաքին լուսավորության անցկացում և ջրամատակարարման համակարգի վերականգնում;
Կիրովական – գյուղացիների հավաքատեղիի վերականգնում;
Հոկամ – մանկական խաղահրապարակի կառուցումը հասցնել ավարտին;
Քարսեփ – արտաքին լուսավորության անցկացում և մանկական խաղահրապարակի կառուցումը հասցնել ավարտին;
Ազմանա – ոռոգման խողովակների գնում և դպրոցի բակի ցանկապատում;
Սուլդա – արտաքին լուսավորության անցկացում և խմելու ջրամատակարարման համակարգի վերականգնում;
Դադեշ – մանկական ատրակցիոնների տեղադրում, մարզահրապարակի բարեկարգում և մարզասարքերի տեղադրում, խմելու ջրամատակարարման համակարգի վերականգնում;
Մյասնիկյան – արհեստական ջրամբարի վերականգնում;
Բոզալի – գյուղացիների հավաքատեղիի վերականգնում;
Կարծախ – ջրամատակարարման համակարգի վերականգնում;
Ֆիլիպովկա – մանկական խաղահրապարակի կառուցում;
Խավեթ – մարզասրահի վերականգնում;
Պտենա – մայթերի և ճանապարհի բարեկարգում, ծիսակատարությունների տան համար գույքի ձեռքբերում;
Խուլգումո – գյուղատնտեսական տարածքներ տանող ճանապարհի վերականգնում;
Չամդուրա – գերեզմանատան տարածքում տաղավարի կառուցում և գյուղացիների; հավաքատեղիի վերականգնում: