Արդեն տարի ու կես է Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա և Պտենա գյուղերի բնակիչներն օգտագործում են բնական գազ։ Jnews-ը եղավ այս երկու գյուղերում հասկանալու համար, թե ինչպես է փոխվել գյուղացիների կյանքը:

Լարիսա Միքելաձեն Չունչխա գյուղի բնակիչ է։ Նա գոհ է, որ վերջապես իրենց գյուղ ևս հասել է կապույտ վառելիքը։ Ասում է՝ բնական գազով են ջեռուցում տները, իրենց կյանքը բավականին հեշտացել է։

«Գազի վառարան ենք գնել և ամբողջ տունը տաքացնում ենք գազով։ Մեր գյուղում, մոտավորապես բնակչության 90%-ն արդեն օգտագործում է բնական գազ», – ասում է Լարիսա Միքելաձեն։

Եթե գյուղում բնական գազի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա գյուղացիները դիմում են Ախալցիխե, բայց ոչ թե Ախալցիխե են հասնում, այլ զանգահարում են  SOCAR ընկերությունում աշխատող իրենց համագյուղացուն։

«Անձամբ ես գոհ եմ, որ օգտագործում եմ բնական գազ, ինչպես սնունդ պատրաստելու այնպես էլ տան ջեռուցման համար։ Կյանքը շատ է փոխվել դեպի դրականը։ Երբ գազ չունեինք, ամբողջ օրը պետք էր վառարանում փայտ դնել, որ հանկարծ չհանգի, հիմա շատ է հեշտացել կյանքը», – ասում է Պտենա գյուղի բնակիչ Գոլնազի Կոչալիձեն:

Չունչխա և Պտենա գյուղերի բնակիչները գազի մեկական կետ է անցկացնելու համար, վճարել են 400 լարի։

Նշենք, որ տարածաշրջանների զարգացման 2019-2021 թթ. պետական ծրագրով գազիֆիկացման համար Ախալքալաքի մունիցիպալիտետում ընտրվել էր Պտենա և Չունչխա գյուղերը: Կառուցվել էր գլխավոր գազատարը, սակայն այդպես էլ գազը բաժանորդներին չէր հասել, գազատարը նույնիսկ հասցրել էր շարքից դուրս գալ։ Ի վերջո մի քանի տարվա անորոշությունից հետո, վերոնշյալ գյուղերում SOCAR-ը սկսեց բնական գազի բախշման աշխատանքներ իրականացնել։ Արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի կապույտ վառելիքը հասանելի դարձավ Չունչխա և Պտենա գյուղերի բնակիչներին։

Ընդգծենք, որ Պտենա և Չունչխա գյուղերում ընդհանուր առմամբ ապրում է 150 ընտանիք։

Կադացեք նաև՝ Չունչխայի և Պտենայի որոշ բաժանորդների գազն արդեն միացվել է

Նշենք, որ գազիֆիկացման խնդիրն Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերում դեռ արդիական է, ինչը մեծ խնդիր է գյուղացիների համար։