
Youth Power-ը երիտասարդական հարթակ է, որը ստեղծվել է մի խումբ աղջիկների կողմից, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել օգնել երիտասարդներին․ ստանալ տեղեկություն՝ կրթական, փոխանակման ծրագրերի և ակտիվ քաղաքացիական կյանք վարելու հարցում: Ծրագրի հիմնադիրների կարծիքով, շատ երիտասարդներ բավարար չափով տեղեկացված չեն կրթական ոլորտի հնարավորություններին, ծրագրերին կամ այն ուղիների մասին, որոնք կարող են օգնել իրենց զարգանալ։
Հարթակն ստեղծելու գաղափարը ձևավորվել է Եվրամիության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում անցկացված ճամբարի ժամանակ, որտեղ «Youth power» ծրագրի հիմնադիրներ Զինա Կուրղինյանը, Մարիամ Ռաիսյանը, Նինա Ճնավայանը և Նինա Պապիկյանը վերապատրաստում անցնելով, մշակել են մի գաղափար, որը հիմա ծառայում է երիտասարդների զարգացմանը:
Նախագծի իրականացմանն աջակցել է նաև CENN (Caucasus Environmental NGO Network) կազմակերպությունը, որը Վրաստանում կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում առաջատար, շահույթ չհետապնդող կազմակերպություններից է:
Հիմնադիրներից Զինա Կուրղինյանի խոսքով, հաճախ երիտասարդներն ուզում են մեծ և կարևոր բաներ անել, բայց կանգնում են մեծ խնդրի առաջ՝ չգիտեն՝ որտեղից սկսել, ոմանք էլ պարզապես վստահություն չունեն, որովհետև միշտ լսել են, որ «դա անհնար է» կամ «դու դա չես կարող անել»։
«Մենք չենք հավատում սահմանափակումներին, մենք հավատում ենք, որ երիտասարդները կարող են ամեն ինչ, եթե ունեն ճիշտ տեղեկատվություն, աջակցություն ու հավատ իրենց ուժերի նկատմամբ։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ ամեն մի երազանք կարող է իրականություն դառնալ։ Այստեղ ենք, որ միասին կոտրենք կարծրատիպերը, գտնենք հնարավորություններ և միմյանց ուժ տանք։ Այս էջը պարզապես տեղեկատվական հարթակ չէ, սա երիտասարդների շարժում է, որտեղ իրար օգնում ենք, կիսվում փորձով ու միասին առաջ շարժվում», – նշում է Զինան:
«Youth power» հարթակի միջոցով աղջիկները փորձում են տեղեկություն տարածել կրթական հնարավորությունների մասին, գրում են բլոգներ և կազմակերպում են տեղեկատվական հանդիպումներ՝ ջավախքցի 14-25 տարեկան երիտասարդների համար:
Հարթակի հիմնադիրները տարբեր զբաղվածություններ ունեն, մասնագիտություններ և նախընտրելի ոլորտներ, որը թույլ է տալիս իրենց աշխատանքը դարձնել ավելի բազմերանգ։ Օրինակ՝ Մարիամ Ռաիսյանը սովորում է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսում և ակտիվորեն ներգրավված է երիտասարդների զարգացման ու հասարակական փոփոխությունների գործընթացում։ Նա ցանկանում է, որ երիտասարդները գիտակցեն, որ որևէ նպատակ անհասանելի չէ, եթե նրանք հաստատակամ են և նվիրված իրենց աշխատանքին։ Նրա համար ամենակարևորը՝ այս ճանապարհն ապրելու ազատությունն է, որտեղ ամեն բան հնարավոր է։
Նինա Ճնավայանը սովորում է Իլիայի Պետական համալսարանում: Մասնակցելով զանազան թրեյնինգների, ուսումնական հանդիպումների և ճամբարների, խորացրել է իր գիտելիքները տարբեր ոլորտներում։ Նա սկզբում չէր պատկերացնում, որ իրենց նախագիծն այսպիսի հաջողություն կունենա։ Բայց հետզհետե աշխատելով ծրագրի վրա և տեսնելով երիտասարդների մոտիվացիան, նա հասկացել է, որ երիտասարդներին պետք է օրինակ ծառայել և ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա։ Նինան համոզված է՝ մարդկանց մոտ սխալ ձևավորված կարծիքը, կարծրատիպերը կոտրում են երիտասարդների մեջ նոր ծնվող պոտենցիալը՝ առաջացնելով վախեր ու հարցականներ։
Զինա Կուրղինյանը սովորում է ԹՊՀ-ում, ապագա չինագետ է և միևնույն ժամանակ ուսումնասիրում է վեց տարբեր լեզուներ։ Զինան չի բավարարվում միայն համալսարանական կրթությամբ և իր կարիերայում մեծ տեղ է տալիս ոչ ֆորմալ կրթությանը։ Մասնակցել է և մասնակցում է տարբեր կրթական ծրագրերի, որտեղ ոչ միայն ուսանել է, այլ նաև կիսվել իր գիտելիքներով: Նա հավատում է, որ երիտասարդները պետք է ունենան այնպիսի հնարավորություններ, որոնք կօգնեն նրանց բացահայտել իրենց ներուժը և լուրջ փոփոխություններ բերել իրենց համայնքներում ու երկրում։
Իսկ Նինա Պապիկյանը սովորում է Իլիայի պետական համալսարանում, առաջին մասնագիտությունը վրացերեն լեզվի բանասիրությունն է, իսկ երկրորդ մասնագիտությունը մաթեմատիկան: Այս պահին աշխատում է Credo բանկում, արտերկրից ժամանած ոչ վրացախոս մարդկանց հետ։ Համալսարանական կրթությունից զատ մեծ դեր է տալիս նաև ոչ ֆորմալ կրթությանը և նշում է, որ տարբեր ծրագրերում մասնակցությունն իրեն օգնում է զարգանալ ու ինքնակրթվել։
Այս բազմազանությունը նրանց օգնում է իրենց իսկ ստեղծած «Youth power» հարթակը դարձնել էլ ավելի լայն՝ ներառելով տարբեր ոլորտներ և բավարարելով տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդների հետաքրքրությունները:
Jnews-ի հետ զրույցում աղջիկները պատմում են, որ հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ իրենք ևս ուսանողներ են և ժամանակի առումով բարդությունների են հանդիպում, սակայն մշտապես փորձում են համատեղել։
«Youth power» հարթակի հիմնադիրները ծրագրում են նաև մրցույթներ անցկացնել․ առաջին օգնության մասին հանդիպումներ իրականացնել և տարբեր ակտիվությունների միջոցով երիտասարդների ակտիվությունը բարձրացնել: