
Գարնան գալուն զուգահեռ Ախալքալաքում մանկական խաղահրապարակները լեփ լեցուն են դառնում երեխաներով: Jnews-ը եղավ քաղաքի խաղահրապարակներում, հասկանալու համար թե ի՞նչ վիճակում են գտնվում դրանք:
Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում կոտրված են ճոճանակները։ Երեխաները ճոճվում են Թամարա թագուհու փողոցի կողմից, զբոսայգու մուտքի աջ կողմում տեղադրված ճոճանակների վրա։ Jnews-ը նկատեց, որ կոնստրուկցիայի սյուներից մեկը պոկվել է գետնից և ճոճվում է ճոճանակի հետ միասին:
Վնասված են նաև զբոսայգու մեկ այլ հատվածում գտնվող «թունելի» մակերեսները։
Ջիվանու անվան զբոսայգին լավ վիճակում է, բայց այստեղ էլ էլեկտրասույները գետնին են ընկած, իսկ մի քանիսն ընդհանրապես չկան:
Հավասու այգում նորակառույց խաղահրապարակում ամեն ինչ կարգին էր։
Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի հետ և ներկայացրեց ընդհանուր պատկերը կապված խաղահրապարակների հետ։ Վերջինս վստահեցրեց, որ եղանակները տաքանալուն պես անպայման կզբաղվեն այս հարցով։
«Մենք Քաղաքապետարանում աշխատող ունենք, ով մշտադիտարկում է իրականացնում և խաղահրապարակների հետ խնդիր լինելու դեպքում իրազեկում է Սպասարկման կենտրոնին, և մենք վերանորոգման աշխատաքներ ենք իրականացնում», – ասաց Մխիթար Ռստակյանը:
Ախալքալաքում ներկա պահին գործում է թվով 9 խաղահրապարակ: Գյուղերում խաղահրապարակները հիմնականում կառուցվել են գյուղական ծրագրերով, մոտավորապես ներկա պահին գյուղերի միայն 25%-ում ունենք խաղահրապարակներ: