Այս տարի Ջավախքում կարտոֆիլագործները գոհ են կարտոֆիլի գնից: Գնորդների թիվը գնալով աճում է, որին զուգահեռ բարձրանում է նաև գինը։
Եթե աշնանից մինչև հունվար ամիս 1 կգ կարտոֆիլի գինը տատանվում էր 45-65 թեթրիի սահմաններում, ապա հիմա՝ 1-ից 1․30 լարիի սահմաներում:
Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդները ադրբեջանցի և ռուսաստանցի վերավաճառողներն են։ Ամեն օր մունիցիպալիտետից հսկայական բեռնատարները տոննաներով կարտոֆիլ են տեղափոխում դեպի Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան և այլուր:
Խանդո գյուղից Հակոբյան Անդրանիկն ասում է, որ իրացման հետ կապված դեռ խնդիրների չի բախվել։
«Եղանակային վատ պայմանները խնդիրներ առաջացրեցին բերքը հավաքելու ժամանակ։ 4 հեկտար կարտոֆիլ քանդել բերել էի պահեստ, բայց սառած էր, ստիպված թափել եմ։ Ճիշտ է, սկզբնական շրջանում ցածր էր կարտոֆիլի գինը, բայց հետո թանկացավ։ Ես ինքնս գոհ եմ՝ և բերքատվությունից, և վաճառքի գներից», ասում է Անդրանիկ Հակոբյանը:
Խանդո գյուղից Արարատ Սպերցյանի խոսքով, անցած տարին կարտոֆիլի համար շատ բարենպաստ տարի էր։
«Եթե համեմատենք աշնան գները ներկայիս գների հետ, ապա տարբերությունը հսկայական է։ Աշնանը վաճառում էինք 45-50 թեթրիով, որը նույնիսկ իր ինքնարժեքը չեր փակում, բայց փետրվար ամսից արդեն սկսեց թանկանալ և հիմա 1 կգ կարտոֆիլի արժեքը սկսվում է 1 լարից, սա շատ լավ գին է», – ասում է Արարատ Սպերցյանը։
Մեծ կարտոֆիլի գները տատանվում են 1-ից 1.30 լարիի սահմաններում:
Միջին չափի կարտոֆիլի գները տատանվում են 45-ից 60 թեթրիի սահմաններում: