
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները փետրվար ամսին Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը, նախարարության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, արդյունավետորեն պայքարում է երկրում անօրինական միգրացիայի դեմ։
«Մասնավորապես, անցած ամսվա ընթացքում իրականացվել է տարբեր երկրների 85 քաղաքացու արտաքսում։
Օտարերկրյա քաղաքացիների մի մասը կամավոր հեռացել է Վրաստանից, իսկ մի մասն արտաքսվել է միգրացիոն վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում։
Արտաքսված անձանց, օրենքի համաձայն, սահմանվել է երկրում մուտքի արգելք։
Վրաստանից արտաքսվել են Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Նիգերիայի, Ալժիրի, Չինաստանի, Հայաստանի, Նեպալի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մյանմայի, Լիտվայի, Իսրայելի և Կամերունի քաղաքացիներ։։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը հանդիսանում է երկրում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմին։
Այն պատասխանատու է Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերման և նրանց արտաքսման գործընթացի համար», – նշված է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։