Մարտի 11-ին Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն 5-րդ անգամ մրցույթ է հայտարարել Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման համար։ Այս անգամ հատկացված գումարն առաջին 4 մրցույթների համեմատ ավելացել է, բայց մի փոքր քիչ է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի վերջին նիստում հաստատված գումարից։

Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման համար առաջարկների ընդունումը կփակվի մարտի 24-ին։ Մրցույթի սկզբնական գումարը կազմում է 259 578 լարի, ինչը 422 լարիով պակաս է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի վերջին նիստի ժամանակ հաստատված գումարից՝ 260 000 լարի։ Նախկինում այդ աշխատանքների համար հատկացվել էր 248 897 լարի, սակայն այս տարի քաղաքապետարանը 11103 լարիով ավելացրել է շենքի վերակառուցման գումարը, իսկ Սակրեբուլոն հաստատել է այդ գումարը։

Հիշեցնենք, որ Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման մրցույթը հայտարարվել է չորս անգամ։ Առաջին անգամ աշխատանքների մրցույթը հայտարարվել էր 2024 թվականի հուլիսի 24-ին, երկրորդ անգամ՝ օգոստոսի 1-ին, երրորդ անգամ՝ օգոստոսի 16-ին, չորրորդ անգամ՝ նոյեմբերի 26-ին։ Չորս անգամներն էլ մրցույթը տապալվել է մասնակիցների բացակայության պատճառով։

Տեղի իշխանությունները մրցույթների տապալման պատճառ էին համարում աշխատողների պակասը և ճակատային աշխատանքների կատարման դժվարությունները, բայց ոչ գումարը կամ պահանջները: Արդյունքում, սակայն, գինը բարձրացվել է։

Հիշեցնենք, որ Ազատության փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքը գտնվում է Nane Mall-ի դիմաց։ Վերականգնման շրջանակներում նախատեսվում է շենքի ճակատային հատվածի կոսմետիկ վերանորոգում, վերանորոգել ճաղապատ պատշգամբները, տեղադրել նստարաններ և լուսավորություն։ Ինչպես նաև, ըստ մրցույթի, նախատեսվում է ազատել շենքի դիմացի տարածքը ավտոկայանատեղի կառուցելու համար՝ կրճատելով մայթը։