Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում մեկ շենքը ծառայում է և՛ որպես ակումբ, և՛ որպես ծիսական տուն։ «Երկուսը մեկում» շենքը կիսավեր վիճակում է գտնվում։ Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացված գումարը կուղղվի շենքի վերականգնմանը։

Առաջին հայացքից այն կարծես փոքր շինություն լինի, բայց ներսում փայտե բեմով հսկայական դահլիճ կա։ Այս տարածքը գյուղում օգտագործվում է զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար։ Այսպես, մարտի 9-ին Վաչիանում պարուսույց Նասլեթ Քեյանի ջանքերով կազմակերպվեց ժողովրդական պարերի փառատոն։

«Վաչիան» համույթը սկսել է աշխատել 2009 թ.-ին: Այդ ժամանակվանից համույթի ղեկավարն ու պարուսույցը ձգտել են երեխաներին ծանոթացնել ժողովրդական պարերին։ Երբեմն համույթի պարողները գնում են համերգների և փառատոների, ինչը թույլ է տալիս ընդլայնել իրենց մտահորիզոնը սահմանափակ մշակութային կյանքի և գյուղերում արտադպրոցական կրթության բացակայության պայմաններում։ Ակումբի սենյակներից մեկը կարգի է բերվել նվազագույն մակարդակով, և համույթը շաբաթը մի քանի անգամ այնտեղ փորձեր է անում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от JNEWS (@jnews_ge)

Ախալքալաքի մունիցիպալիտետի մյուս կիսավեր գյուղական ակումբների համեմատ Վաչիան գյուղի ակումբը համեմատաբար լավ վիճակում է: Չնայած դրան, պարի ժամանակ բեմը ցնցվում է, իսկ պատերը «պարում» են պարողների հետ միասին։ Համերգների ժամանակ հատուկ բեմը ջրով են լցնում՝ բարձրացող փոշու քանակությունը նվազեցնելու նպատակով։ Պատուհանները ծածկված են սև բրեզենտներով, իսկ լուսավորությունը բաղկացած է մի քանի լամպերից, որոնք հազիվ են ապահովում անհրաժեշտ լույսը։ Չնայած այս բոլոր անհարմարություններին, ակումբը/ծիսական տունը տաք է, քանի որ ջեռուցվում է։ Այնտեղ կան աթոռներ, իսկ բեմի վերևի պատը զարդարված է համույթի հսկայական պաստառով, ինչը ցույց է տալիս, որ տարածքը փորձում են հաճախ օգտագործել:

Jnews photo - 1

Տեղի իշխանությունների տվյալներով՝ գյուղի բարերարները խոստացել են վերանորոգել շենքը, սակայն դա տեղի չի ունեցել։ Ուստի այս տարի վաչիանցիները որոշել են ՕԳԾ-ով հատկացված ամբողջ գումարն օգտագործել ակումբի/ծիսական տան շենքի վերականգնման համար։ Հնարավորություն կա նաև, որ տեղական իշխանությունները միջոցներ կավելացնեն այս գումարին՝ վերակառուցման աշխատանքներն ավարտելու համար:

«Վաչիանը ՕԳԾ-ով գումարը հատկացրել է համայնքային կենտրոնի վերականգնման համար: ՕԳԾ-ով հատկացված գումարը 20 000 լարի է, բայց մենք հնարավորություն ունենք այն մեծացնել մինչև 200%: Դա պարզ կդառնա, երբ նախագիծը կազմվի, և մենք որոշենք, թե որքան պետք է ավելացնել: Մենք մտադիր ենք գումարն ավելացնել և՛ նախորդ տարի, և՛ այս տարի, երբ տեսնում ենք, որ ՕԳԾ-ի աշխատանքներն ավարտված չեն, գումար ենք ավելացնում՝ լինի 100, 150, թե 200%: Թերևս ՕԳԾ-ի գումարով հնարավոր լինի ավարտին հասցնել ակումբի վերականգնումը, գուցե 30 կամ 45 հազար լարիի կարիք լինի։ Եթե գումարն ավելի քիչ լինի, աշխատանքները կավարտենք, իսկ եթե ավելի շատ լինի, օրինակ՝ 100 000 կամ 200 000 լարի, ապա կորոշենք հետագա անելիքները»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը:

Ճիշտ գործածելու դեպքում գյուղական ակումբները կարող են դառնալ մշակութային կյանքի կենտրոններ՝ հյուրընկալելով համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, փորձեր և այլ միջոցառումներ, որոնք օգնում են պահպանել և զարգացնել տեղական ավանդույթներն ու սովորույթները: Այս վայրը կարող է հիմք դառնալ տեղի բնակիչների, հատկապես երիտասարդների ստեղծագործության և ինքնադրսևորման համար: Ակումբները կարող են լինել տարբեր կրթական միջոցառումների անցկացման վայր՝ ակումբներ, վարպետաց դասեր, դասախոսություններ, դասընթացներ, որոնք նպաստում են անձնական աճին և ընդլայնում բնակիչների մտահորիզոնը: Սա հատկապես կարևոր է գյուղական վայրերում արտադպրոցական կրթության սահմանափակ հասանելիության պայմաններում: Սակայն մունիցիպալիտետի գյուղական ակումբների մեծ մասի անմխիթար վիճակի պատճառով գյուղաբնակները զրկված են այս բոլոր հնարավորություններից։