
Մարտի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում պարի օր էր, որին մասնակցում էին ինչպես տեղական, այնպես էլ հրավիրված պարային համույթները։
Վաչիան գյուղն այսօր մարդաշատ էր ու ակտիվ, այն պատճառով, որ տարբեր վայրերից բազմաթիվ համույթներ էին ժամանել գյուղի ակումբում ելույթ ունենալու նպատակով՝ ցուցադրելու հայկական և վրացական ժողովրդական պարի գեղեցկությունն ու պլաստիկությունը։
Ակումբը լի էր հանդիսատեսով, ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ։
«Փառատոնը բավականին երկար ճանապարհ է անցել։ Մենք միշտ հանդես ենք գալիս մեծ քաղաքների բեմերում, ինչու գյուղերում էլ փառատոններ չկազմակերպել։ Գյուղերը ներսից ցույց տալու համար։ Այդ իսկ պատճառով որոշեցինք մեր գյուղ հրավիրել անսամբլներ՝ գյուղում մշակութային կյանքը զարգացնելու համար։ Այսօր ելույթ ունեցավ 14 համույթ։ Մեր գյուղից երկու խմբեր, հրավիրված էին անսամբլներ Գյումրիից, Ախալքալաքից, Ախալցիխեից, Նինոծմինդայից, Ասպինձայից և տարբեր գյուղեր ներկայացնող բազմաթիվ համույթներ»,- ասաց փառատոնի կազմակերպիչ և «Վաչիան» համույթի պարուսույց Նասլեթ Քեյանը։
Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին ՏԻՄ-ին այս միջոցառման անցկացման թույլտվության, իսկ գյուղի բարերարին՝ միջոցառումը ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վաչիան գյուղի ակումբի բեմում հանդես եկողներին տրված նվերներն ու պատվոգրերը։