Վրաստանը հայտնվել է Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում՝ 2024 թվականին ԶԼՄ-ների ազատության կտրուկ վատթարացման պատճառով՝ աճող ավտորիտարիզմի ֆոնին:

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության պլատֆորմի տարեկան զեկույցի համաձայն՝ Վրաստանը մամուլի ազատության ամենավատ խախտումներով երկրների հնգյակում ամենալուրջ հետընթացն է ապրել անդամ երկրների միջև՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սերբիայի հետ մեկտեղ:

Փաստահավաք առաքելությունն իրականացվել է Վրաստանում 2024 թվականի հոկտեմբերին՝ պլատֆորմի գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն բացահայտել է «մի շարք մարտավարություններ, որոնք միտված են այլախոհներին, առաջնահերթ՝ անկախ լրագրողներին վարկաբեկելուն և լռեցնելուն»:

Օրինակ, խորհրդարանական ընտրություններից առաջ կարգավորիչը տուգանել էր մի քանի ընդդիմադիր հեռուստաալիքների՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գովազդային հոլովակները հեռարձակելուց հրաժարվելու համար, «ներառյալ ավերված Ուկրաինայի քարոզչական կադրերը»:

Ընտրությունների օրը՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին, առնվազն 70 լրագրող ենթարկվել է բանավոր և ֆիզիկական հարձակումների, ահաբեկման և նրանց աշխատանքին խոչընդոտման։

Զեկույցի համաձայն՝ լրագրողների նկատմամբ բռնությունն ուժեղացել է բողոքի ցույցերի ընթացքում, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ դադարեցնում է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։

Ավելի քան 90 լրատվամիջոց հայտնել է, որ իրենց նկատմամբ ֆիզիկական հարձակման, վիրավորանքի կամ խոչընդոտների են ենթարկվել, քանի որ նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ավելին, գրեթե բոլոր տուժողները անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների լրագրողներ են։

Զեկույցում նշվում են նաև «Վրացական երազանքի» օրենսդրական նախաձեռնությունները, ինչպիսիք են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը և ԼԳԲՏ համայնքի իրավունքները սահմանափակող օրենքի «ռուսական պատճենը»։

Եվրախորհուրդը նշում է, որ այս բոլոր գործոնները բարդացնում են Վրաստանի եվրաինտեգրումը և միևնույն ժամանակ վկայում են երկրում ավտորիտար միտումների հզորացման մասին։

Ավելին, ըստ զեկույցի հեղինակների, այսօր Վրաստանն այլևս չի կարելի անվանել ապահով ապաստարան իրենց հայրենիքում հալածվող լրագրողների համար։ Զեկույցում խոսվում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի կալանքի մասին, որին սպառնում է արտահանձնում Ադրբեջան, ինչպես նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Նրանց թվում էին չեխ լրագրող Ռեյ Բեզելը, բելառուս լրագրող Անդրեյ Մյալեշկոն, հայ լրագրող Արսեն Խառատյանը և ֆոտոլրագրող Ստեֆան Գոսսը։

Ի լրումն Վրաստանի մասին զեկույցին՝ հոլանդացի ծաղրանկարիչ Արենդ վան Դամի նկարազարդումն է, որտեղ Վրաստանի նախատիպը խեղդվողն է՝ շրջապատված ռուս ալիգատորներով, ով օգնություն է խնդրում Եվրամիությունից։

Նյութը՝ «Новости Грузия»-ից