
Պետության մասշտաբով ռեգբին ամենահաջող մարզաձևերից մեկն է, սակայն Ախալքալաքում պրոֆեսիոնալ մարզիկներ այդպես էլ ի հայտ չեն եկել «Տաո» ռեգբիի ակումբի ֆինանսավորման ողջ ընթացքում, բայց մունիցիպալ բյուջեից միջոցները շարունակում են ամեն տարի մուտք գործել ակումբ։
2017 թվականից Ախալքալաքի մունիցիպալիտետը տարեկան փոխանցումներ է կատարում «Տաո» ռեգբիի ակումբ։ Ամենամեծ գումարը, որը փոխանցվել է ակումբին, որտեղ մունիցիպալիտետից ոչ մի պրոֆեսիոնալ ռեգբիստ չի հայտնվել, եղել է 90 հազար լարի՝ սա 2024 թվականին։ 2024 թվականի բյուջեով նախատեսված փոխանցվող սկզբնական գումարը կազմել է 55.000 լարի, այնուհետև ակումբի ղեկավարությունը լրացուցիչ ֆինանսավորում է խնդրել, և բյուջեից ակումբին հատկացվել է լրացուցիչ 15.000 լարի, որն ընդհանուր առմամբ կազմում է 70.000 լարի։ Սակայն 2025 թվականի բյուջեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին շրջանային ակումբին հատկացված փաստացի գումարը կազմում է 90 հազար լարի։
Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Կարեն Մերգելյանի խոսքով, այս՝ 2025 թվականի համար ռեգբիի ակումբին նախապես փոխանցվել է 20000 լարի, և այս տարի բյուջեով ավելին նախատեսված չէ, թեև հնարավոր է, որ այս տարի էլ «Տաոն» լրացուցիչ գումար հայցի։
«Այս տարի մեր բյուջեում միջոցներ նախատեսված չեն «Տաո» ռեգբիի ակումբի համար: Մենք պայմանագիր ենք կնքել, նրանք ինչ-որ մրցման էին մասնակցում, և դրանց մասնակցելու համար լրացուցիչ միջոցներ էին պետք, արձանագրություն կազմեցին և ուզեցին, որ 2025 թվականի գումարը նախապես փոխանցվի 2024 թվականին։ Այդ իսկ պատճառով 2024 թվականին փոխանցվել է 20 000 լարի։ Միգուցե նրանք մեզ հետ կապվեն տարվա ընթացքում ևս 30 000 լարի փոխանցելու համար: Նրանք ֆինանսավորում են ստանում շրջանի բոլոր մունիցիպալիտետներից, և միայն մենք չենք, որ կանխավճար ենք փոխանցել, դա արել են բոլոր մունիցիպալիտետները»,- ասում է նա:
Ընդհանուր առմամբ, 2017 թվականից մինչ օրս շրջանային «Տաո» ակումբն Ախալքալաքի բյուջեից ստացել է 445 հազար լարի։ 2017 և 2018 թվականներին ակումբը տարեկան ստացել է 40 000 լարի, 2019-ից 2023 թվականներին՝ տարեկան 55 000 լարի: Իսկ 2024 թվականին՝ միանգամից 90 000 լարի։ Ախալքալաքից երիտասարդները, սակայն, երիտասարդական թիմից այն կողմ առաջ չեն գնացել։ Այս պահին երիտասարդական թիմում կարող է լինել երկու մարզիկ, բայց դա կապված է ծախսերի հետ, քանի որ «Տաո»-ի մարզումները Ասպինձայում են։
«Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան»-ը 2021 թվականի իր ուսումնասիրության մեջ պնդում էր, որ «2012-2013 թվականներին «Քարթու» հիմնադրամը ռեգբիի բազա է կազմակերպել Ասպինձայում, որը պատկանում է «Ռեգբիի աջակցության դաշինք Р-15» ՍՊԸ-ին: Այս ՍՊԸ-ի երկու հիմնադիրներն էլ՝ «Ռեգբիի աջակցության լիգա» ՍՊԸ-ն (20%) և «ATU ասոցիացիան» (80%), անմիջական կապեր ունեն Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանք» կուսակցության հետ»: