
Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղում այս տարի կկառուցվի նոր ծիսական տուն։ ԽՍՀՄ տարիներին շենքն օգտագործվել է որպես անասնագոմ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը Jnews-ի հետ զրույցում ասաց հետևյալը․
«Այս տարի Աբուլ գյուղում կկառուցենք ծիսական տուն։ Հին շենքից մնալու է միայն երեք պատը, մնացածն ամբողջությամբ քանդելու ենք, որ նորը կառուցենք: Պատերից մեկը վթարային է, այդ պատճառով այն քանդելու ենք, իսկ մնացած պատերի հետ կապված ամրացման աշխատանքներ ենք իրականացնելու»:
Շինարարության համար անհրաժեշտ գումարն արդեն նախատեսված է՝ 431 926 հազար լարի։
Էլեկտրոնային մրցույթն ընթացքի մեջ է, դեռ չի կայացել։ Քաղաքապետարանից հայտնում են, որ մոտավորապես մինչև ապրիլի 15-ը պայմանագիրը կկնքվի, որից հետո մրցույթը հաղթած ընկերությունը կսկսի շինաշխատանքները։
Աբուլի ծիսական տան կառուցումը, ըստ պայմանագրի՝ պետք է կառուցվի 150 օրում։ Հավելենք, որ վերոնշյալ գումարի մեջ է մտնում նաև ծիսական տան գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը։