նորություններ 6 Մարտի, 2025 • Երբ կսկսի գործել Ախալքալաքի նոր մանկապարտեզը

Ավարտվել է թիվ 5 (նախկին գիշերօթիկ) դպրոցի հարևանությամբ կառուցվող նոր մանկապարտեզի շինարարությունը։ Կատարված աշխատանքը պետք է նայի և ընդունի քաղաքապետարանի հանձնաժողովը։ Մանկապարտեզը կառուցվել է մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ Աշխատանքներն իրականացրել է «IKB Build» ընկերությունը՝ 1 մլն 657 հազար լարիով։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, ի սկզբանե աշխատանքները պետք է ավարտվեին 2023 թվականի սեպտեմբերին, սակայն մանկապարտեզի շահագործման ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականի սեպտեմբեր։ 2024 թվականի աշնանը մեր հերթական այցի ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ մինչև Ամանոր աշխատանքները կավարտեն, սակայն այդ ժամկետում ևս աշխատանքները չավարտվեցին։ Մեր վերջին այցելության ժամանակ (13.02.2025 թ.) շինարարական աշխատանքների պատասխանատու Նուգզար Թվարաձեն վստահեցրեց, որ բոլոր աշխատանքները մեկ շաբաթ անց կավարտվեն։

Մարտի 4-ին, երբ կրկին այցելեցինք նոր մանկապարտեզ, ընկերության ներկայացուցիչ Կախա Գերգեդավան ասաց, որ մանկապարտեզի շինարարությունն ավարտված է։ Նրա խոսքով, շինարարությունը ժամանակին ավարտին հասցնել խանգարել են վատ եղանակային պայմանները։

«Շինարարության ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, միայն եղանակային պայմաններն են մեզ հուսախաբ արել։ Եղանակի պատճառով արտաքին աշխատանքները չենք կարողացել իրականացնել։ Մնում է ճոճանակների տակ ռետինե սալիկներ դնել ու կրկին սալահատակ անել բակում, քանի որ այն կառուցապատվել էր ցուրտ եղանակին և խիստ ցրտերից ավերվել է։ Եղանակը տաքանալուն պես այդ աշխատանքներն էլ կանենք»,- ասաց Կախա Գերգեդավան։

Մեր այն հարցին, թե, միթե չէին լսել Ջավախքի խիստ ձմեռների մասին ու աշխատանքները պլանավորելիս այն չէինի նկատի ունեցել, ստացանք հետևյալ պատասխանը. «Այս տարի ձեզ մոտ ձմեռը չափազանց խիստ է, սաստիկ սառնամանիքներ էին»։

Մեր այցելության ժամանակ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը և Ախալքալաքի քաղաքապետարանի աուդիտի ծառայության ղեկավար Արտաշես Աբգարյանը մանկապարտեզի տարածքում էին, նրանք եկել էին տեսնելու շինարարների կատարած աշխատանքը։

det sad5

Արտաշես Աբգարյանն ասաց, որ գոհ է շինարարների աշխատանքից, սակայն վերջնական որոշումը կայացնելու է քաղաքապետարանի հանձնաժողովը։ Նա նշեց, որ շինարարների աշխատանքում եղել են թերություններ, սակայն դրանք արդեն շտկվել են։

«Կային թերություններ, որոնք արդեն շտկվել են։ Նախագծից չեն շեղվել, ուղղակի անորակ աշխատանք էին կատարել։ Ձմռանը լամինատե հատակ են տեղադրել, ջեռուցում չկար և հատակը խոնավությունից ուռել էր։ Հետո ջեռուցումն անցկացրել են ու նորից լամինատը տեղադրել։ Ջրագիծը նույնպես ուշ է անցկացվել»,- ասաց Արտաշես Աբգարյանը։

Անահիտ Ասատուրյանը ևս հավանեց աշխատանքները:

«Ինձ դուր եկավ կատարված աշխատանքը, բայց ես չեմ ընդունողը, քաղաքապետարանն է ընդունում։ Եթե քաղաքապետարանն ընդունի աշխատանքները, ապա ես կսկսեմ իմ աշխատանքը։ Մնում է ճոճանակների տակ փափուկ կաուչուկ տեղադրել ու բակի սալահատակը նորոգել։ Շինարարները խոստացել են այս աշխատանքները կատարել եղանակը տաքանալուն պես։ Հուսով եմ, որ մինչև ապրիլի վերջ մենք կբացվենք»,- ասաց նա։

det sad 5

Անահիտ Ասատուրյանի խոսքով, նոր մանկապարտեզում տեղավորելու են բոլոր այն երեխաներին, ովքեր, քաղաքային մանկապարտեզների վերանորոգման պատճառով, հաճախում են Կումուրդո և Չունչխա գյուղերի մանկապարտեզներ: Այդպիսիք, ընդհանուր առմամբ, 60-ն են։

«Ուզում ենք ննջասենյակները խմբերի վերածել, ննջասենյակներ չեն լինի, 6 խումբ կկազմավորենք, այն երեխաներին, ում տանում ենք Կումուրդո ու Չունչխա, կտեղավորենք այստեղ։ Մտադիր ենք նոր մանկապարտեզում ընդունել 160 երեխա։ Նաև, հնարավորության դեպքում, ցանկանում ենք այստեղ մսուր բացել։ Եթե 10-15 հայտ ստանանք, մսուր-մանկապարտեզի խումբ կբացենք։ Ուզում եմ դահլիճը վերածել մինչև 3 տարեկան երեխաների խմբի, դահլիճը մեծ է, սենյակի մի կեսում մահճակալներ կդնենք, իսկ մյուս կեսում երեխաները կխաղան»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։

Միավորման տնօրենի խոսքով, նոր մանկապարտեզը կհամալրվի վերանորոգվող մանկապարտեզների խոհանոցային տեխնիկայով, մինչև ձեռք բերվեն նոր տեխնիկա։

Մտածում ենք, որ Ախալքալաքի նոր մանկապարտեզը բոլոր առումներով կհամապատասխանի նախադպրոցական կրթարանի չափանիշներին։

Հիշեցնենք, որ մանկապարտեզի կառուցման սկզբնական արժեքը կազմել է 1 մլն 821 հազար 822 լարի, աշխատանքների մրցույթը 1 մլն 657 հազար լարիով շահել է «IKB Build» ընկերությունը։ Մանկապարտեզը մինչև 2026թ.-ը գտնվում է երաշխիքային ժամկետում:

Մանկապարտեզի շենքը մեկ հարկանի, տիպային շենք է նախատեսված 75 երեխայի համար։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 960 ք/մ-ից փոքր-ինչ ավելի:

Վերատպման կանոն