
Վերջին տարիներին Վրաստանում մեդիա միջավայրը գնալով վատանում է։ Ամեն ինչ սկսվեց քաղաքական բևեռացումից և շարունակվեց ԶԼՄ-ների «օտար ուժի գործակալների» վերածումով։ Իրավիճակն ավելի է սրվել դոնորների միջոցների սղության պատճառով։ Jnews-ի այս հոդվածում կարդացե՛ք ազատ մամուլի ապագայի մասին այն պայմաններում, երբ ԶԼՄ-ները բախվում են ֆինանսական դժվարությունների, քաղաքական ճնշման և արտաքին ֆինանսավորման սահմանափակումների։
Վրաստանում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, հավանաբար, գոյություն չէին ունենա կամ նույնիսկ չէին կարողանա ստեղծվել առանց արտաքին ֆինանսավորման: Վրաստանի իշխանությունների կողմից ներդրված նոր օրենքներն էլ ավելի են բարդացնում լրատվամիջոցների առանց այն էլ դժվարին աշխատանքը, իսկ սահմանափակ գովազդային շուկայի ֆոնին ֆինանսավորման բացակայությունը վտանգի տակ է դնում լրատվամիջոցների մեծ մասի գոյատևումը:
Օրինակ՝ «Բորժոմի» հեռուստաընկերությունը 27 տարվա գործունեությունից հետո 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցրեց իր աշխատանքը։ Հեռարձակումը և առցանց հարթակի գործունեությունը դադարեցվել է։ Դրա պատճառը 2024 թվականին Վրաստանում «Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» օրենքի ընդունմամբ առաջացած ճգնաժամն էր։ Ընկերությունը դեռ չի հաղորդել ճգնաժամի մանրամասները կամ ֆինանսավորման հետ կապված խնդիրները: «Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» նոր օրենքի ընդունումից հետո հեռուստաալիքն ընդգրկվել է «Օտար ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների» ռեգիստրում։
Մեկ այլ ընդդիմադիր հեռուստաալիք՝ «Մթավարի Արխի» հեռուստաալիքը փետրվարի 15-ին դադարեցրել է հեռարձակումը՝ մեղադրելով իր համահիմնադիրներից մեկին՝ Զազա Օքուաշվիլիին, ալիքը փակելու փորձի մեջ։ Հեռուստաալիքը պնդում է, որ Օքուաշվիլին ֆինանսական ճգնաժամ է ստեղծել, որպեսզի դադարեցնի հեռարձակումը և փակի երկրի գլխավոր քննադատական հարթակը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Օքուաշվիլիի գործողություններն ուղղված են ռուսական ռեժիմին օգնելուն, և նրանք այժմ միջոցներ են փնտրում՝ գործունեությունը վերականգնելու համար։ Իր հերթին Օքուաշվիլին մեղադրում է ալիքի ղեկավարությանը, այդ թվում՝ Գիորգի Գաբունիային և Նիկա Գվարամիային, ֆինանսական խարդախության մեջ, որը հանգեցրել է սնանկացման։ «Մթավարի Արխի»-ն այս պահին հեռարձակում է միայն կրկնություններ, սերիալներ և ֆիլմեր՝ շարունակելով ուղիներ փնտրել ամբողջական հեռարձակումը վերսկսելու համար։
Սակայն այս հեռուստաալիքների դադարեցումը միայն առաջին քայլերն են, և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը։ Լրատվական կազմակերպությունների մեծ մասն այլևս չի ակնկալում, որ ԱՄՆ ֆինանսավորումը կվերսկսվի:
Մեդիափորձագետ Զվիադ Քորիձեի կարծիքով՝ ֆինանսավորման դադարեցումը միակ խնդիրը չէ, որին բախվում են վրացական ԶԼՄ-ները։
«Վրաստանում կան նաև բազմաթիվ եվրոպական, համաեվրոպական հիմնադրամներ, որոնք ևս ֆինանսավորում են լրատվամիջոցները։ Նրանք չեն փակել իրենց ծրագրերը, բայց կառավարությունն արդեն գործում է արտակարգ ռեժիմով և ցանկանում է օրենք ընդունել, որն ընդհանրապես արգելելու է արտաքին ֆինանսավորումը: Համենայնդեպս, նրանք կանխավ հայտարարել են այս օրինագծի մասին, որը նրանք պատրաստվում են ընդունել։ Սա նշանակում է, որ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի միջազգային կազմակերպություններն ու հիմնադրամները չօգնեն վրացական լրատվամիջոցներին։ Այսինքն՝ մենք այստեղ առանձնացնում ենք երեք տարբեր տեսակի խնդիրներ։ Առաջինը, երբ սեփականատերերը, հատկապես խոշոր ալիքների, խնդիրներ ունեն՝ իրենց ներքին, կառավարման հետ։ Երկրորդ խնդիրն այն է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն փակել և դադարեցրել է իր կառույցների և անմիջական ենթակայության տակ գտնվող, և նույնիսկ այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք ԱՄՆ ՄԶԳ-ից գումար են ստացել և հետո ծախսել լրատվամիջոցների վրա։ Եվ երրորդն այն է, որ կառավարությունն ուզում է օրենք ընդունել, որը թույլ չի տա բոլոր արտաքին կազմակերպություններին ֆինանսավորել տեղական լրատվամիջոցների աշխատանքը»,- ասում է նա։
Շատ ԶԼՄ-ներ ֆինանսավորում են ստանում տեղական բյուջեներից, ինչը նրանց կախվածության մեջ է դնում իշխանություններից: Մնացած անկախ լրատվամիջոցները գոյատևել են արտաքին ֆինանսավորման շնորհիվ, բայց կկարողանա՞ն արդյոք շարունակել ինքնուրույն գործել, եթե քաղաքական և տնտեսական ծանր իրավիճակը պահպանվի:
«Հիմնականում սա արդեն խնդիրների փունջ է։ Ազգային լրատվամիջոցները, տարածաշրջանային լրատվամիջոցները, հեռուստատեսությունը և առցանց լրատվամիջոցները՝ բոլորն ընկնում են հարվածի տակ: Այսինքն՝ այստեղ տարբերություններ չկան ո՛չ աշխարհագրությամբ, ո՛չ աշխատանքի կառուցվածքով։ Որովհետև բոլոր լրատվամիջոցները ճնշումների տակ են ընկնելու։ Որովհետև Վրաստանում գովազդի շուկան դեռ շատ նեղ է։ Մենք տեսնում ենք, որ գովազդատուները ցանկություն չունեն ֆինանսավորելու տարբեր լրատվամիջոցներ կամ գովազդային ներդրումներ կատարել տարբեր մեդիա կազմակերպություններին, ոչ այն պատճառով, որ նրանք չեն ցանկանում: Նրանք ասում են, որ այս կազմակերպությունը իբր լսարան չունի, և չարժե այնտեղ գովազդ ներդնել։ Ո՛չ: Նրանք տարբեր տեսակի լրատվամիջոցներում գովազդելու հնարավորություն չունեն, քանի որ բիզնեսն ինքը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ։ Իսկ իրենք չեն կարող որոշում կայացնել։ Հետևաբար, երբ երկրում անազատ բիզնես միջավայր է, դա ազդում է ինչպես բիզնեսի, այնպես էլ Վրաստանում լրատվամիջոցների կայունության վրա»,- ասում է Զվիադ Քորիձեն։
Փորձագետը թերահավատություն է հայտնում ՀԿ-ների և ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամ ստեղծելու կառավարության որոշման առնչությամբ՝ հաշվի առնելով երկրում առկա ժողովրդավարության մակարդակը։
«Ինչպե՞ս կարող է այն գումարները, որ հատկացնում է կառավարությունը, լինել հօգուտ ԶԼՄ-ների։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ իշխանությունը գնում է լրատվամիջոցներին։ «Ես քեզ փող կտամ պետական գործակալությունից, միայն այն պատճառով, որ դու արդեն իմն ես»: Նրանք իրենց իշխանական լրատվամիջոցներն են ստեղծում։ Նպաստել դրանց զարգացմանը: Սա այն խնդիրն է, որն առկա է այն երկրներում, որտեղ կա ավտորիտար իշխանություն և չկա ամենաչնչին թափանցիկություն։ Պետական հիմնադրամներ, իհարկե, Գերմանիայում կան, բայց Գերմանիայի դեպքում այս ամենը պետք է տեսնել այդ երկրում գոյություն ունեցող ժողովրդավարական իշխանության ընդհանուր կառուցվածքում։ Բայց եթե մենք ուղղակի ձևականորեն նման միջոցներ ենք ստեղծում բյուջեից և հետո ասում ենք, որ այդ գումարները գնալու են ազատ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների զարգացմանը, դա կատարյալ անհեթեթություն է։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է դա արվում այնպիսի ավտորիտար երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, որտեղ կուտակված է մեծ կապիտալ, իսկ հետո այդ կապիտալը մեծահոգաբար տրվում է հասարակական կազմակերպություններին, բիզնեսներին և լրատվամիջոցներին։ Բայց հետո, բնականաբար, հանգիստ նստում են ու ընդհանրապես չեն նկատում, թե ինչ է անում իշխանությունը։ Բիձինա Իվանիշվիլին հավանաբար դա է ուզում»,- ասում է նա։
Այն պայմաններում, երբ անկախ լրատվամիջոցները կանգնած են ֆինանսական դժվարությունների, քաղաքական ճնշման և արտաքին ֆինանսավորման սահմանափակումների հետ, երկրում ազատ մամուլի ապագան մնում է հարցականի տակ: Իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում, և եթե անկախ լրատվամիջոցները պաշտպանելու համար վճռական քայլեր չձեռնարկվեն, Վրաստանը վտանգված է դառնալու այն երկրներից մեկը, որտեղ լրագրությունն ու խոսքի ազատությունը դառնում են ոչ թե օբյեկտիվ լուսաբանման, այլ քաղաքական քարոզչության գործիքներ: