Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող ջավախքցի ուսանողները բուհն ավարտելուց հետո շատ հաճախ չեն կարողանում բավարարել Ջավախքի աշխատաշուկայի պահանջները, մասնավորապես՝ չեն տիրապետում պետական լեզվին կամ տվյալ մասնագիտության պահանջարկը տեղում պարզապես չկա։ Այսինքն՝ դժվարությամբ են մասնագիտական ոլորտում աշխատանք գտնում և, ըստ այդմ՝ երկմտում են վերադառնալ Ջավախք։
Ասյա Աթանյանն Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից է։ Ասյան մանկուց երազել է դերասանուհի դառնալու մասին, բայց հանգամանքների բերումով ընտրել է անգլերենը։ Դպրոցական տարիքում վերջինս սիրում էր դերասանների հարցազրույցները նայել, ովքեր խոսում էին սահուն անգլերենով։
«Մի անգամ մտածեցի՝ «գրեթե բոլոր դերասանները գիտեն անգլերեն, իսկ ես չգիտեմ, գնամ անգլերեն սովորեմ հետո դերասանական կգնամ»։ Իհարկե՝ այլ դեպքեր նույնպես եղան, որոնք նպաստեցին, և սևեռվեցի անգլերեն սովորելու վրա», — մասնագիտության ընտրության մասին պատմում է Ասյա Աթանյանը։
Ասյան գերազանցությամբ է ավարտել Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժինը։
««Ուսումը թևի տակ դրած լավաշ հաց է, երբ սովածանաս կարող ես կտրել ուտել»․ այս խոսքերի տակ եմ մեծացել։ Ես ուզում էի անգլերեն սովորել մայրս ուզում էր մանկավարժ դառնամ, ու հիմա կա և՛ իմ երազանքը և՛ մայրիկիս։ Հետագայում իրականացավ դերասանականի երազանքը նույնպես, սակայն ես սիրահարվեցի անգլերենին և դասավանդման գործընթացին և որոշեցի խորանալ իմ մասնագիտության մեջ», — ասում է Ասյա Աթանյանը։
Վերջինս այժմ սովորում է մագիստրատուրայում և միաժամանակ աշխատում է իր մասնագիտությամբ՝ Լեզվի կենտրոնում։ Նաև դասավանդում է օնլայն։
Ասյան վստահ է, որտեղ էլ որ լինի իր մասնագիտության պահանջակը կա։ Քանի դեռ սովորում է, կմնա Հայաստանում, միևնույն ժամանակ նշում է, որ ֆինանսական առումով ավելի շահավետ է Վրաստանում աշխատել, քանի որ բնակարան վարձակալելու անհրաժեշտություն չի լինի։
Տաթև Պողոսյանը երկար պրպտելուց հետո որոշել է ընտրել տվյալագետի մասնագիտությունը։ Նա Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից է։ Երկրորդ կուրսի ուսանող է։
Ի տարբերություն իր հասակակիցների ոչ այդքան տարածված մասնագիտություն է ընտրել։ Մտածում է, որ ոչ միայն կկարողանա տվյալատեգի մասնագիտությամբ աշխատել Ջավախքում, այլև զարգացնել ոլորտը։
«Այս ոլորտը ներկայիս ամենապահանջված և զարգացող ոլորտներից է, որը ցավոք, դեռ ոչ այդքան կիրառելի է Ջավախքում։ Ընտրությունս ոչ միայն պայմանավորված էր իմ անձնական ցանկությամբ, այլ նաև Ջավախքում այն հասանելի և կիրառելի դարձնելու մեծ ոգևորությամբ։ Իմ կարծիքով, այս ոլորտը մեծ պահանջարկ ունի հետզհետե զարգացող աշխարհում, ինչքան շատ է արեստական բանականության կիրառությունը, այնքան ավելի շատ է տվյալագետների պահանջը», — ասում է Տաթև Պողոսյանը։
Մեր հերոսուհին վստահեցնում է, որ կրթությունն ավարտելուց հետո անպայման վերադառնալու է Ջավախք։
«Իմ գերագույն նպատակներից մեկը եղել է այն, որ կոտրեմ այն կարծրատիպը, թե Ջավախքում աշխատանք գտնելն անհնարին է, եթե լավ մասնագետ ես, ուրեմն հաստատ գործ կգտնես քո ոլորտում», — ասում է Տաթևը։
Նա վրացերենին տիրապետում է, բայց քանի որ առանձնապես չի գործածում, մտածում է, որ հավելյալ կուրսեր անցնելու կարիք կլինի, երբ վերադառնա Ջավախք աշխատելու նպատակով։
Կարինե Հովհաննիսյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդայի հանրային դպրոցն ավարտել է արծաթե մեդալով և ընդունվել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան։
Մասնագիտությամբ մարքեթոլոգ է։ Որոշել է Հայաստանում շարունակել բարձրագույն կրթությունը, քանի որ մինչև ուսանող դառնալն արդեն աշխատում էր Երևանում։ Հիմա էլ՝ կրթությանը զուգահեռ աշխատում է մարքեթինգային ընկերությունում որպես SEO մասնագետ։
Համալսարանն ավարտելուց հետո պատրաստվում է վերադառնալ Ջավախք։ Հստակ որոշում դեռ չունի, քանի որ տատանվում է մագիստրատուրան Վրաստանում սովորի թե՞ Եվրոպայում։
Նելի Լուլուկյանը փոքրուց հետաքրքրված է բնական գիտություններով։ Մաթեմատիկայի հանդեպ սերն առաջացել է ուսուցչի շնորհիվ։
«Իմ մաթեմատիկայի ուսուցիչը շատ հետաքրքիր ու մատչելի ձևով էր ներկայացնում դասը, ինչն ինձ համար ոգեշնչող էր։ Այդպես էլ որոշեցի շարունակել կրթությունս այս ուղղությամբ։ Մանկավարժությունն ընտրեցի ծնողներիս խորհրդով, քանի որ նրանք միշտ կարևորել են մանկավարժի դերը», — ասում է Նելի Լուլուկյանը։
Չնայած Նելիի ծնողներն ուզեցել են, որ Թբիլիսիում սովորի, բայց երկար մտածելուց հետո ընտրել է Երևանը։
«Հստակ չեմ կարող պատասխանել՝ կմնամ Հայաստանում, թե կվերադառնամ Ջավախք։ Դա կախված կլինի հետագա հնարավորություններից։ Սակայն վստահ եմ, որտեղ էլ լինեմ կկարողանամ աշխատել։ Բացի մաթեմատիկայից, ցանկանում եմ նաև ուսումնասիրել SMM (սոցիալական մեդիա մարքեթինգ) և համատեղել այն աշխատանքիս հետ», — ասում է Նելի Լուլուկյանը։
Նելին չորրորդ կուրսից աշխատում է իր մասնագիտությամբ՝ զարգացման կենտրոնում, որտեղ դասավանդում է՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ձևաչափով։
Մեր բոլոր հերոսները ցանկանում են վերադառնալ հայրենի գյուղ և տեղում աշխատել, բայց ժամանակն ու հանգամանքները կարող են ամեն ինչ փոխել։