նորություններ 3 Մարտի, 2025 • Ախալքալաքի բնակիչներին սպառնում էինչև 13 տարի ազատազրկում «հրշեջին» ծեծելու համար

Ախալքալաքի մունիցիպալիտետի երկու բնակիչ Շ.Ու.-ն եւ Մ.Ա.-ն դատվում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Ախալքալաքի բաժնի աշխատակցի վրա հարձակվելու համար։ Ամբաստանյալներին սպառնում է 9-ից 13 տարվա ազատազրկում «պետական ներկայացուցչի առողջությանը վնաս պատճառելու համար»։

Ծեծի դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա սկզբին։ Ինչպես պատմում են Շ.Ու.-ի եւ Մ.Ա.-ի համագյուղացիները, ամբաստանյալների ավտոմեքենան խցանվել է ձնակույտերի մեջ, նրանք զանգել են փրկարարներին։ Jnews-ին հայտնի չէ, թե ինչ խոսակցություն է եղել զանգահարողների և Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Ախալքալաքի բաժնի աշխատակցի միջև, սակայն այս խոսակցությունից հետո մեղադրյալները՝ մեքենան թողնելով ձյան մեջ, եկել են քաղաք և ծեծի են ենթարկել աշխատակցին, ում հետ խոսել են հեռախոսով։ Հարձակվողներն անմիջապես բերման են ենթարկվել։

2025 թվականի փետրվարի 27-ին Ախալքալաքի շրջանային դատարանը մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է ազատազրկում։

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 353(1)-րդ հոդվածի 2(1)-րդ մասի 1-ին կետով՝ «Ոստիկանի, հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի կամ իշխանության այլ ներկայացուցչի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի առողջությանը վնաս պատճառելը ոստիկանության ծառայողի, հատուկ ծառայության ծառայողի կամ հատուկ քրեակատարողական այլ ներկայացուցչի ծառայողական գործունեության հետ կապված, կատարված խմբի կողմից»:

Սույն հոդվածով և կետերով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 13 տարի ժամկետով:

Jnews-ը փետրվարի 28-ից փորձում է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից ճշտել՝ ամբաստանյալները զանգե՞լ են շտապօգնություն, թե՞ անմիջականորեն զանգահարել Ախալքալաքի աշխատակցին, ինչի մասին են խոսել, քանի որ ամբաստանյալների համագյուղացիներն ասում են, որ իրենց օգնությունը մերժվել է և այլ մանրամասներ, սակայն դեռ պատասխան չենք ստացել, քանի որ «ծառայությունը զբաղված է Գուրիայի տարերքով»։ Պատասխան ստանալուն պես Jnews-ը կհրապարակի այն։

Վերատպման կանոն