
Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզիկները մասնակցել են Վրաստանի կարատեի առաջնությանը, որն անցկացվել է Գորիում՝ մարտի 1-ից 2-ը։
Մունիցիպալիտետի առաջնության են մեկնել հինգ մարզիկ, որոնցից երկուսը արժանացել են բրոնզե մեդալների։
2025 թվականի մարտի 1-ից 2-ը Գորիում անցկացվել է Վրաստանի կարատեի առաջնությունը, որին մասնակցել է 400 մարզիկ ամբողջ Վրաստանից։ Ախալքալաքի մունիցիպալիտետից մասնակցում էին Մաջադիա, Թրկնա և Բալխո գյուղերի հինգ մարզիկներ, որոնցից երկուսը արժանացել են բրոնզե մեդալների։ Մարզիկները Ախալքալաքի սպորտ դպրոցի սաներն են։
Մաջադիա գյուղից Վոլոդյա Էվաջյանը գրավել է 3-րդ տեղը՝ 18+ տարիքային խմբում, 67 կգ քաշային կարգում։
Բալխո գյուղից Վարդ Շահբազյանը՝ 12-13 տարեկանների տարիքային խմբում, 55 կգ քաշային կարգում, զբաղեցրել է 3-րդ տեղը։
Մարզիկներն առաջին անգամը չէր, որ մասնակցում էին նմանատիպ առաջնության: Վոլոդյա Էվաջյանը զբաղվում է կարատեով 15 տարի և այս ընթացքում դարձել է Վրաստանի, Եվրասիայի և աշխարհի չեմպիոն։ Վարդ Շահբազյանը կարատեով է զբաղվում արդեն 4 տարի։ Մարզիկներին մարզում է Ախալքալաքի մարզադպրոցի մարզիչ Սարգիս Մարգարյանը։
«Մասնակիցները շատ էին, ես գոհ եմ իմ սաների արդյունքից, 3-րդ տեղը քիչ բան չէ»,- ասաց Սարգիս Մսրգարյանը։