
Մարտի 3-ի գիշերը ուժեղ քամու պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական ճանապարհները դարձել են դժվարանցանելի, որոշ դեպքերում՝ անանցանելի։ Որոշ գյուղերից քաղաքապետարանն արդեն ստացել է մաքրման հայցումներ։
Ախալքալաքի քաղաքապետարանը կեսօրվա դրությամբ ճանապարհների մաքրման զանգեր է ստացել Մոդեգամ, Փոքր Սամսար, Խոսպիո, Մուրջախեթ գյուղերից։
«Տեխնիկան այժմ աշխատում է Մոդեգամ գյուղում, այնուհետև այն կգնա դեպի Փոքր Սամսար, որտեղից մենք նույնպես արդեն զանգ ենք ստացել։ Գիշերը մունիցիպալիտետում ուժեղ քամի է եղել, ինչի պատճառով գյուղական ճանապարհները ձյունով են ծածկվել։ Բարձր մեքենաները կարող են անցնել, բայց ճանապարհները մաքրման կարիք ունեն։ Ճանապարհներին մերկասառույց է: Մուրջախեթ գյուղ տանող ճանապարհը փակ է, թեթև մարդատար մեքենաները մնացել են ճանապարհին»,- հայտնել են Ախալքալաքի քաղաքապետարանից։
Ախալքալաքի քաղաքապետարանը, ճանապարհները մաքրելու խնդրանքով, դեռևս այլ գյուղերից զանգեր չի ստացել, սակայն հնարավոր է, որ օրվա ընթացքում ստանան, քանի որ շրջանում ուժգին քամիները պահպանվում են։
Նշենք, որ գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու մրցույթը նախորդ տարի շահել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը և մունիցիպալիտետում այժմ ինքն է զբաղվում է այդ աշխատանքներով։
Մունիցիպալիտետը փետրվարի 6-ին Ախալքալաքը և գյուղերը, 2025-2026-2027 թվականներին, ձյունից մաքրելու նոր մրցույթ էր հայտարարել համար։ Հայտերի ընդունումն ավարտվել է փետրվարի 27-ին, սակայն մրցույթը չի կայացել, իսկ գնումների կայքում մրցույթի կարգավիճակը նշված է «Ընդհատված»: Մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել։