Այս տարի Հայ Առաքելական սուրբ եկեղեցին Բուն Բարեկենդանի տոնը, որը որ Մեծ Պահքի սկիզբն է ազդարարում՝ նշեց մարտի 2-ին և եկեղեցիներում մատուցվեց փակ պատարագ։ Իսկ արդեն մարտի 3-ին սկսվում է Մեծ Պահքի շրջանը։ Վիրահայոց թեմում և Ջավախքի հայկական եկեղեցիներում ևս մեծ շուքով նշվեց Բուն Բարեկենդանի տոնը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի մասնակցությամբ, հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեծ շուքով նշվեց Բուն Բարեկենդանը։ Տոնական միջոցառման ընթացքում օրհնվեցին ղափամայով, հայկական հալվայով, քաղցր փլավով, փոխինդով, խմորեղենով և այլ բարիքներով զարդարված սեղանները։

barekendan 6

barekendan 1

barekendan 2

Տոնական տրամադրությունն ավելի ջերմացրեց «Հայարտուն» կենտրոնում հնչող ուրախ երգն ու երաժշտությունը, որոնք ուղեկցեցին հյուրասիրությանը։ Միջոցառումը ուրախ երգի-պարի տրամադրությունը ապահովեցին թեմի գեղարվեստական խմբերը, մենակատարները և Թբիլիսիում գործող մյուս երգի-պարի համույթները: Միջոցառման նպատակն էր պահպանել և սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդույթները, ազգային սովորությունները և հայկական կերակրատեսակները։ Այս տոնի շրջանակում հատուկ շնորհակալական խոսքեր հղվեցին աջակիցներին, անհատ հովանավորներին, ինչպես նաև Հայաստանից հատուկ ժամանած խոհարար Դավիթ Բաբայանին։

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոններին, Վրաստանի հայ համայնքին, Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիս հասարակական կազմակերպություններին և միջոցառման մասնակից կանանց՝ իրենց աջակցության համար։

barekendan 5

barekendan 4

barekendan 3

Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

barekendan 7

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», – ասում է Ս. Գրիգոր Տաթևացին:

«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: