Վրաստանի բռնցքամարտի տղաների և աղջիկների առաջնությունից Ախալքալաքի մարզահամալիրի պատանի բռնցքամարտիկները վերադարձել են մեդալներով, այդ թվում՝ ոսկե։ Ախալքալաքը բռնցքամարտի նոր չեմպիոն ունի՝ Յուրի Գրիգորյանը:

Բաթումիում կայացած առաջնությանը մասնակցել են մարզահամալիրի սաներ՝ 12 պատանի բռնցքամարտիկներ։ Առաջնության են դուրս եկել 11 տղա և մեկ աղջիկ՝ Աննա Կրիկյանը։

6 օր տեւած պայքարի արդյունքում ախալքալաքցի 4 մարզիկ դարձել է մրցանակակիր։

Առաջին տեղը զբաղեցրել է Յուրի Գրիգորյանը։ Նա 70 կգ քաշային կարգում դարձել է բռնցքամարտի Վրաստանի չեմպիոն։

66 կգ քաշային կարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Եվրոպայի գործող չեմպիոն Գոռ Ղազարյանը, ով դպրոցականների կատեգորիայից տեղափոխվել է երիտասարդների կատեգորիա։

Պետրոս Նահատակյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Նա գոտեմարտել է նաեւ 66 կգ քաշային կարգում։ Աննա Կրիկյանը նույնպես վերադարձել է բրոնզե մեդալով։ Նա 60 կգ քաշային կարգում աղջիկների շրջանում բրոնզե մեդալ է նվաճել։

Բաթումիում ընթացող Վրաստանի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 21-ին և ավարտվել փետրվարի 26-ին։