
Այս տարի Ջավախքում անցած տարիների համեմատ ձմեռն ավելի ցուրտ էր: Այն գյուղերում, որտեղ գազ չկա, վառելափայտի խնդիր է առաջանում չգազաֆիկացված գյուղերի բնակիչների համար։ Գազի փոխարեն մարդիկ օգտագործում են վառելափայտ, որը նրանց վրա թանկ է նստում գազի համեմատ։
Տարվա 7-8 ամիսների ընթացքում Ջավախքում փայտի վառարաններ են օգտագործում՝ նոյեմբերի սկզբից մինչև մայիսի վերջ, քանի որ եղանակն այստեղ խստաշունչ է:
Jnews-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել այն գյուղերում, որտեղ օգտագործում են վառելափայտ։
«Փայտի մեկ շարքի համար տալիս ենք 600 լարի, միջին ընտանիքը, որտեղ 4-5 մարդ է ապրում, սպառում է 4 շարք փայտ, դա կազմում է 2400 լարի։ Կան մարդիկ, ովքեր փայտի հնարավորություն չունեն և մնում են աթարի հույսին: Ես այս տարի 4 շարք փայտ եմ գնել, չի հերիքել եղանակային վատ պայմանների պատճառով, ստիպված մի շարք փայտ ևս պիտի առնեմ, որ հերիքի», – ասում է Դադեշ գյուղի բնակիչ Եղիշե Սարգսյանը։
Jnews-ը կապ հաստատեց փայտ վաճառողներից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ այս տարի փայտի պահանջարկն ավելի մեծ է։ Եղանակային պայմաններով պայմանավորված փայտի գինը թանկացել է։ 1 շարքի գինը 700 լարի է։
Տարիներ ընթացքում վառելափայտի գինը թանկացել է։
Այսպիսով, եթե 2016 թվականին մեկ շարք վառելափայտի գինը կազմում էր 400-420 լարի, ապա
2019 թվականին այն տատանվում էր 350-450 լարիի սահմաններում՝ կախված վառելափայտի որակից։ 2024 թվականին մեկ շարք վառելափայտն արժեր 600 լարի, իսկ այս տարի՝ 2025 թվականին՝ 700 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղից 18-ը գազիֆիկացված չէ։
Հիմնականում վառելափայտ գնում են հետևյալ գյուղերը՝ Մոդեգամ, Գոգաշեն, Ափնիա, Քարսեփ, Ազմանա, Հոկամ, Էրինջա, Դավնիա, Խավեթ, Դադեշ, Սուլդա, Բոզալի, Ֆիլիպովկա, Կարծախ, Աբուլ, Բուզավեթ, Փոքր Սամսար և Մեծ Սամսար։