Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր, բարձրալեռ Աբուլ գյուղում, որը գտնվում է համանուն Աբուլ լեռան ստորոտում, երիտասարդների առօրյան միապաղաղ է ու ձանձրալի։ Գյուղում երիտասարդների համար զբաղմունք չկա:

Աբուլ գյուղը գտնվում է Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Այսօր Աբուլ գյուղում ապրում է մոտ 95 ընտանիք։ Աբուլ գյուղում ձմեռը դաժան է, ցրտաշունչ և ձյունառատ։ Ձմռանը գյուղի երիտասարդ բնակիչների առօրյան շատ միապաղաղ է։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարի գյուղ տանող ճանապարհը դեռ չի փակվել, Աբուլի բնակիչները սովորել են կտրվելուն քաղաքից, ինչը բարդացնում է գյուղացիների կյանքը թե՛ տնտեսապես, թե՛ հոգեբանորեն։

Սակայն մարդիկ շարունակում են ապրել ու արարել Ջավախքի այս հեռավոր ձյունառատ գյուղում։ Այս ամենի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը նույնպես միանշանակ չէ։

Abul1

Գյուղում գազ չկա: Մարդիկ ձմռանը տաքանում են վառելափայտով ու աթարով: Ձմռանն ընտանիքը միջինը սպառում է 3 շարք վառելափայտ, որի մի շարքն արժե 400-ից 500 լարի։ Գյուղում ձմեռը տևում է 9 ամիս։

Գյուղում երիտասարդների համար ժամանցի վայրեր չկան, երիտասարդ տղաները մի սենյակում թենիսի սեղան ու բիլիարդ են տեղադրել  ու  ձմեռային երեկոներն անցկացնում են այնտեղ, իսկ երիտասարդ աղջիկների համար գյուղում ընդհանրապես ոչինչ չկա։

Աղջիկների առօրյան նույնպես հիմնականում միապաղաղ է անցնում՝ դպրոց, տուն, երբեմն հավաքվում են ընկերուհիներով, երաժշտություն լսում, զրուցում։ Գյուղում չկան սպորտային կամ այլ խմբակներ, որտեղ երիտասարդները կկարողանային հաճախել։ Նրանք  չեն կարողանում նաև քաղաք գնալ, քանի որ գյուղում հասարակական տրանսպորտ չկա, իսկ տաքսիները թանկ են։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от JNEWS (@jnews_ge)

Երիտասարդները տարբեր կերպ են ընդունում այս միապաղաղ կյանքը, ոմանք համակերպվել են դրան, իսկ ոմանք՝ ոչ և դա   հսմարում  են ոչ նորմալ։ Դե, այսօր նաև երիտասարդների հետաքրքրություններն են  շատ տարբեր  նախկինից։ Նրանք ավելի շատ նախընտրում են շփվել սոցիալական ցանցերում, ֆիլմեր դիտել, քան գրքեր կարդալ, զբաղվել ձեռագործ աշխատանքով։

Երիցյան Նինան սովորում է դպրոցի ավարտական դասարանում, նա 17 տարեկան է։

«Մենք մեր գյուղում ժամանակ անցկացնելու տեղ չունենք: Մեր մոտ առատ ձյուն է տեղում։ Մենք՝ աղջիկներս, դահուկ չենք  խաղում,  տղաները  շատ առաջ խաղում էին, իսկ  հիմա արդեն  չեն խաղում, նրանք էլ են հոգնել պայմաններից։ Դպրոցում կա գրադարան, որից օգտվում են միայն ցածր դասարանների աշակերտները։ Ես գրքեր չեմ կարդում։ Իմ առօրյան՝ դպրոց, տուն. տնային գործեր, հետո հավաքվում ենք ծննդյան տոներին։ Իսկ հանգստյան օրերն անհետաքրքիր են անցնում։ Ասեղնագործությամբ ու ձեռագործությամբ զբաղվելն այսօր մոդայիկ չէ, հիմնականում՝ հեռախոսի մեջ  ենք, դե գյուղում  խմբակներ էլ  չկան։ Դասերից հետո  հիմա պատրաստվում ենք վերջին զանգին, պատրաստվում ենք միջոցառմանը և պատրաստվում ենք մարտ ամսին մաթեմատիկայի պարապմունքների կրկնուսույցի հետ»,- ասում է Նինա Երիցյանը։

Abul2

Կլարա Ոսկանյանը կարծում է, որ իրենց առօրյան, չնայած ամեն ինչին, լավ է անցնում, թեև  նշում է նաև հեռավոր բարձր լեռնային գյուղի թերությունների մասին:

«Պատահում է, որ գյուղը կտրված է  լինում արտաքին տեղեկությունից,  սակայն դա  էլ իր  հետաքրքրությունն ունի։ Մենք հավաքվում ենք աղջիկներով, երգեր երգում կամ պարզապես զրուցում: Ես սիրում եմ նկարել, եթե գյուղում տրանսպորտ լիներ, ես և էլի մի քանիսը կարող էինք գնալ քաղաք՝ տարբեր խմբակների մասնակցել»,- ասաց նա։

Կլարայի խոսքով, երեկոյան նա դիտում է արտասահմանյան ֆիլմեր և նկարում դիմանկարներ։

«Երբ ես ֆիլմեր եմ դիտում, եթե ինձ դուր է գալիս դերասանը, նկարում եմ նրան։ Նրանք, ովքեր ծանոթացել  են իմ նկարներին, լավ են արձագանքել, թեև ես դրանք բոլորին ցույց չեմ տալիս, ամաչում եմ, եթե տրանսպորտ լիներ, ապա այս ունակությունս ես կզարգացնեի Ախալքալաքի նկարչական դպրոցում»,- ափսոսանքով նշում է Կլարան։

Կլարան ցանկանում է դառնալ դիզայներ կամ ծրագրավորող։ Մեր զրույցի վերջում Կլարան ցավով ավելացնում է, որ գյուղերում երիտասարդների առօրյան միապաղաղ է անցնում:

«Գյուղում անելու բան չկա, ձանձրալի է ու միապաղաղ։ Ես նաև սիրում եմ վոլեյբոլ, բայց մարզվելու տեղ չկա, եթե միայն տրանսպորտ լիներ…»: