Վրաստանում շարունակվում է գյուղատնտեսական հողերի պետական ծրագրով անվճար գրանցման գործընթացը: Այսօրվա դրությամբ Հանրային ռեեստրի պաշտոնական կայքէջում հրապարակված են բազմաթիվ քաղաքացիների հողերի տվյալները: Կարևոր է, որ քաղաքացիները ստուգեն այդ տվյալները և անճշտության դեպքում դիմեն համապատասխան ձևով, որպեսզի գրանցումը տեղի ունենա հնարավորինս ճշգրիտ տվյալներով: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս, Jnews-ը փորձել է բացատրել դա այս հոդվածում:

2022 թվականից Վրաստանում ընթանում է գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման գործընթացը: Մինչ այս Վրաստանի հանրային ռեեստրը աշխատում էր քաղաքացիների հողատարածքների սահմանների ճշտման վրա, այս տարի արդեն ընթանում է բուն գրանցման գործընթացը: Չնայած Ռեեստրի աշխատակիցները արդեն երկրորդ տարին է ինչ ինտենսիվ աշխատում են Ախալքալաքի բնակիչների հետ հողատարածքների սահմանների ճշտման ուղղությամբ, այնուամենայնիվ կարևոր է ևս մեկ անգամ ստուգել այդ սահմանների ճգրտությունը մինչև գրանցումը:

Յուրաքանչյուր անձ կարող է իմանալ, թե որ փուլում է իր գույքի գրանցումը Հանրային ռեեստրի կայքում այս հղումով՝ slr.napr.gov.ge: Այս կայքում նշելով մունիցիպալիտետը, ընտրելով գյուղի տարածքային միավորումը և նշելով անունն ու ազգանունը կարելի է գտնել հողատարածքների տվյալները, որոնք գրանցվել են, կամ գրանցման փուլում են, նշված քաղաքացու անունով: Հարկ է նշել, որ համակարգում կարելի է տվյալները գտնել միայն ազգանունով, կամ անունով, կամ տարածքային միավորումով, ուղղակի այս դեպքում  համակարգը կներկայացնի նշված տարածքում, կամ նշված անունով եղած բոլոր տվյալները, այլ ոչ թե կոնկրետ մարդու տվյալները: Վերոնշյալ հղումով անցնելու դեպքում, կբացվի այս կայքը, տվյալները պետք է մուտքագրել աջ պատուհանում եղած սանդղակներում:

482530361_1160418615802109_7062977633291901445_n

Որոշ դեպքերում հրապարակված են միայն հողատարածքների փաստաթղթերը, ինչը նշանակում է, որ գրանցման գործընթացը դեռ շարունակվում է, որոշ դեպքերում կա նաև որոշումը գրանցման մասին (բավարարված է, մերժված է, կամ հրապարակվել է որոշում, ըստ որի 30 օրերի ընթացքում առարկումների բացակայության դեպքում գրանցումը կհամարվի կատարված):

Եթե առանձին հողատարածքի փաստաթղթերի մեջ քաղաքացին նկատում է ինչ-որ անհամապատասխանություն, ապա նա կարող է դիմում գրել այդ մասին, այն կարելի է ներկայացնել, սեղմելով դեղինով տրված «պլյուսին» (գումարման նշան): Կամ կապվել Ռեեստրի աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման պետական ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին և պետք է ավարտվեր 2024 թվականին, սակայն գործընթացը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։