Գուրիայում ձյան առատ տեղումները մեկ մարդու կյանք են խլել: Դեպքը տեղի է ունեցել Օզուրգեթիի մունիցիպալիտետի Կոնճկաթի գյուղում։

Տեղի բնակիչը՝ միջին տարիքի տղամարդը մահացել է, ով, ըստ նախնական տեղեկությունների, գնացել է օգնելու հարևանին և մահացել է փլուզումից։

Գուրիայի շրջանի պետական դատախազ Գիորգի Ուրուշաձեի խոսքով՝ համապատասխան ծառայություններն ուսումնասիրում են միջադեպի մանրամասները։

«Աղետի առաջին օրվանից Գուրիայի շրջանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Բոլոր համապատասխան ծառայությունները գործում են շուրջօրյա՝ մեր քաղաքացիների և շրջանի բոլոր խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ լուծելու համար: Ցավոք, Օզուրգեթիի մունիցիպալիտետի Կոնճկաթի գյուղում դժբախտ պատահարի հետևանքով տղամարդ է մահացել։ Համապատասխան ծառայություններն ուսումնասիրում են դեպքի մանրամասները։ Սա իսկապես ողբերգական իրադարձություն է, և ես անկեղծորեն իմ ցավակցությունն եմ հայտնում մահացածի ընտանիքին և մերձավորներին», — ասել է Գիորգի Ուրուշաձեն:

Բացի այդ, եղանակային վատ պայմանների պատճառով Լանչխութիի մունիցիպալիտետի Կոկաթի գյուղում փլուզվել է բնակելի շենքերից մեկի տանիքը, որտեղ ապրում էր մոտ 75 տարեկան միայնակ տղամարդ։

Լանչխութիի մունիցիպալիտետի քաղաքապետ Ալեքսանդր Սարիշվիլիի խոսքով՝ այս պահին տղամարդու հետ կապ հաստատել հնարավոր չէ։ Նրա խոսքով, առավոտյան տեխնիկան կմեկնի ճանապարհը մաքրելու, դրա հետ մեկտեղ կգնա փրկարարական ջոկատը, որից հետո հստակ տեղեկություն կհայտնվի տղամարդու վիճակի մասին։