Ախալքալաքի մարզահամալիրի երիտասարդ բռնցքամարտիկները մասնակցում են Վրաստանի բռնցքամարտի տղաների և աղջիկների պատանեկան առաջնությանը, որն անցկացվում է Բաթումիում փետրվարի 21-ից 26-ը։ Փետրվարի 21-ին կայացել է մարզիկների առաջին մենամարտը։

Փետրվարի 21-ին, մարզահամալիրի 12 պատանի բռնցքամարտիկ, մեկնել են Բաթումի մասնակցելու բռնցքամարտի Վրաստանի տղաների և աղջիկների պատանեկան առաջնությանը։ Ախալքալաքից առաջնությանը մասնակցելու են մեկնել 11 տղա և մեկ աղջիկ՝ Աննա Կրիկյանը։ Նրանք բոլորն էլ Ախալքալաքի մարզահամալիրի սաներ են։ Բաթումիի առաջնությանը մասնակցում է նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն Գոռ Ղազարյանը, ով դպրոցականների կարգից տեղափոխվել է պատանեական կարգ։

Բաթումիում ընթացող Վրաստանի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 21-ին, կտեւի մինչեւ փետրվարի 26-ը։

Մարզահամալիրի տնօրեն եւ մարզիչ Ատոմ Էլիզբարյանի խոսքով, փետրվարի 21-ին տեղի է ունեցել առաջին մենամարտը: Ախալքալաքի բռնցքամարտիկների թվում կան հաղթողներ և պարտվողներ։

«Հաղթողը կորոշվի եզրափակիչում, երեկ հինգ մարզիկներ հաղթեցին, այսօր ևս կան հաղթողներ, կան նաև պարտվողներ։ Նրանք նախ պետք է հասնեն կիսաեզրափակիչ, իսկ հետո՝ եզրափակիչ»,- ասաց Ատոմ Էլիզբարյանը։