Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները չորս տարի առաջ համաֆինանսավորմամբ շահեցին գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման պետական դրամաշնորհ, սակայն, արդյունքում, չստացան ոչ տեխնիկան, ոչ պետական ֆինանսավորումը և հայտնվեցին մեծ պարտքի մեջ, որը դեռևս բանկին փակում են: Իրենց իրավունքները պաշտպանելու և «Հերմեսի» ընկերությանը վճարված գումարները վերադարձնելու նրանց փորձերը արդյունք չեն տվել։ Հարց է, արդյոք նրանք խարդախության զոհ են դարձել, և ինչու իրավապահ մարմինների կողմից համապատասխան արձագանք չկա։

Դադեշ գյուղի բնակիչ Ղազար Զաքարյանը և Սուլդա գյուղի բնակիչ Գրիգոր Ափոյանը դիմել են JNEWS-ի խմբագրություն՝ իրենց օգնելու խնդրանքով, քանի որ կարծում են, որ խարդախության զոհ են դարձել։ Նրանց խոսքով, «Հերմեսի» ընկերությունն իրենցից տրակտորների գումարը վերցրել է, սակայն ֆերմերներն այդպես էլ տրակտորները չեն ստացել։ Հիմա նրանք չեն կարողանում ստանալ ոչ իրենց փողերը, ոչ էլ իրենց տրակտորները։

2021 թվականին Ղազար Զաքարյանը և Գրիգոր Ափոյանը մասնակցել են համաֆինանսավորմամբ գյուղտեխնիկայի ձեռքբերման պետական ծրագրին և շահել մրցույթը։ Նրանք դիմել էին ծրագրին «Բելառուս» մակնիշի տրակտոր ձեռք բերելու նպատակով։ Տրակտորն արժեցել է 82000 լարի։ Ըստ ծրագրի պայմանների, տեխնիկայի արժեքի 65%-ը պետք է վճարեր շահառուն, իսկ մնացած 35%-ը՝ պետությունը։

««Հերմեսի» ընկերությունը գտել էինք ինտերնետում, երկուսս էլ գյուղատնտեսական վարկ էինք վերցրել, գումարը փոխանցել էինք ընկերության հաշվեհամարին, նույնիսկ, ժամանակից շուտ տեղ հասցնելու համար 1000 դոլար (3000 լարի) շատ էինք վճարել։ Բայց անցավ մեկ տարի, և ընկերությունը մեզ տրակտորները չուղարկեց, մենք չկարողացանք գնված տեխնիկան ցույց տալ ծրագրի ղեկավարությանը, և նրանք հրաժարվեցին վճարել գումարի իրենց մասնաբաժինը»,- ասում է Ղազար Զաքարյանը։

Շահառուների մասնաբաժինը կազմում էր 54000 լարի, նրանք այս գումարը վերցրել էին բանկից՝ արտոնյալ 8 տոկոս վարկով, քանի որ վերցրել էին պետական ծրագրով։ Սակայն, քանի որ չկարողացան իրականացնել ծրագրի իրենց մասը, դրամաշնորհային պայմանագիրը խզվեց, նրանք դուրս եկան պետական ծրագրից, ինչի հետևանքով արտոնյալ վարկը վերածվեց սովորական վարկի, իսկ տոկոսադրույքը բարձրացավ մինչև 16,5%։ Այսինքն՝ 54 հազար լարիի վարկ են վերցրել, բայց պետք է բանկին վճարեն 82 հազար լարի, որը պարզապես փոխանցել են «ոչ մի տեղ»՝ փոխարենը ոչինչ չստանալով։

Հարցին, թե նրանք ինչպես են գտել «Հերմեսի» ընկերությունը, Գրիգոր Ափոյանը պատասխանեց.

«Համացանցում տեսանք, որ «Հերմեսի» ընկերությունը 2007 թվականից աշխատում է պետության հետ, մտածեցինք վստահելի ընկերություն է, բայց մեզ խաբեցին։ Մենք դիմեցինք Թբիլիսի, Ախալցիխե, փաստաբան վարձեցինք, մեր փաստաբանն է զբաղվում այս ամենով։ Անցել է երեք տարի, և ոչ մի առաջընթաց չկա»,- հավելում է Գրիգոր Ափոյանը։

Ըստ ֆերմերների, «Հերմեսի» ընկերության տնօրեն Իոսիֆ Գուգուցիձեն սկզբում չի ցանկացել խոսել նրանց հետ, հետո ասել է, որ միջոցներ չունի, իսկ երբ ունենա, այդժամ էլ կվճարի։ Սակայն, ինչպես նշում են ֆերմերները, Գուգուցիձեն իր դստեր անունով ստեղծել է գյուղտեխնիկայի առաքման նոր ընկերություն և շարունակում է աշխատել։

«Նա 4 ամսով անհետացավ, զանգերին չէր պատասխանում, ասում էր, որ հիվանդ է: Հետո ասաց, որ Ուկրաինայի պատերազմն է խանգարել։ Վերջին անգամ նրա հետ խոսել ենք մոտ 25 օր առաջ, նա ասաց, որ ոչ փող ունի, ոչ տեխնիկա: Գուգուցիձեն իր դստեր անունով մեկ այլ ընկերություն է ստեղծել և իր ողջ ունեցվածքը փոխանցել ընտանիքի անդամներին։ Մենք առաջարկեցինք մեր գումարի դիմաց տալ իր հողամասի մի մասը կամ վաճառել մեքենան։ Մեր բոլոր առաջարկներին նա ասում էր, որ դա իր սեփականությունը չէ, դա իր դստերն ու կնոջն է պատկանում»,- ասում է Գրիգոր Ափոյանը։

Իոսիֆ Գուգուցիձեն «Հերմեսի» ընկերության սեփականատերն է, ընկերությունը չի լուծարվել, 2023 թվականի դեկտեմբերին ընկերության տնօրեն է դարձել Էլենե Գուգուցիձեն։ Ըստ ֆերմերների, նա Իոսիֆ Գուգուցիձեի դուստրն է։ ՍՊԸ-ն ներկայումս գործում է, սակայն 2023 թվականին նրա ոչ նյութական գույքին և ֆիրմային անվանմանը կալանք է դրվել։ ԻՆչպես նաև ժամանակ առ ժամանակ պարտապանների ցուցակում է ընդգրկվել ընկերությունն ու անձամբ Իոսիֆ Գուգուցիձեն։

Նշենք, որ «Հերմեսի» ընկերությունը, ըստ company.ge կայքի տվյալների, 2010-ից 2019 թվականներին շահել է կառավարական մրցույթներ և 6 000 000 լարիից ավելի պայմանագրեր, ներառյալ պարզեցված գնումները։

Անձամբ Գուգուցիձեից, մեզ ոչինչ պարզել չհաջողվեց, քանի որ ֆեյսբուքյան էջում նշված համարը համընկնում էր ֆերմերների տված Գուգուցիձեի համարի հետ, որին նա չի պատասխանում։

Ըստ ֆերմերների փաստաբան Նուգզար Սամարջիշվիլիի, սա զուտ խարդախություն է։ Նա նշեց, որ իրենք դիմել են ոստիկանություն, դատախազություն, ֆինանսական ոստիկանություն, սակայն քրեական գործ չի հարուցվել։

«Չեմ կարող ասել, թե ինչու չեն հարուցում, բոլորն ասում են, դա մեր գործը չէ։ Մենք դիմել ենք բոլոր ուժային կառույցներին, հավանաբար կառավարությունից ինչ-որ մեկն իրեն աջակցում է, քանի որ երբ խոսում ենք քննիչի հետ, բոլորն ասում են, որ դա խարդախություն է, բայց ոչ ոք գործ չի հարուցում։ Ուզում էինք դիմել քաղաքացիական դատարան, բայց ավարտին չհասցրեցինք։ Եթե անգամ քաղաքացիական օրենսգրքով գործ բացեինք ու շահեինք, նման կազմակերպություն այլեւս չկա, վճարող էլ չկա, «Հերմեսի»-ն այլեւս գոյություն չունի»,- ասում է Նուգզար Սամարջիշվիլին։

Փաստաբանն ասում է, որ իրենք հետամուտ են լինելու քրեական օրենսգրքով որպես «խարդախություն» գործը հարուցելուն և գործելու են օրենքի համաձայն։

«Մենք ոչինչ չենք կարող անել, այդպիսին է օրենքը, բացի օրենքից ես այլ ելք չեմ տեսնում: Մենք դիմել ենք ֆինանսական ոստիկանություն, դիմել ենք ամենուր, բոլորն էլ նույն բանն են ասում, ոչ մի խարդախություն չկա»,- ասում է Նուգզար Սամարջիշվիլին։

Jnews-ը այդպես էլ չպարզեց ընկերության դիրքորոշումը, և այն, որ իրավապահ մարմինները գործ չեն հարուցել տեղի ունեցածը պարզելու համար, այս հանգամանքը նույնպես հարցականի տակ է մնում։ Jnews-ը պաշտոնական գրությամբ կդիմի Վրաստանի ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ինչու գործ չի հարուցվել, ինչպես նաև կխորհրդակցի այլ իրավաբանների հետ, հասկանալու և բացատրելու, թե ինչպես կարող են նման իրավիճակներ առաջանալ, և ինչ պետք է արվի սեփական իրավունքներն և ֆինանսները պաշտպանելու համար։