Ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքում տարածված են սեզոնային վիրուսները։ Սեզոնային վիրուսները սկսվում են հոկտեմբեր ամսի սկզբից և շարունակվում մինչև մայիսի կեսերը, որը կապված է նաև կլիմայական պայմանների հետ։

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանի հետ Jnews-ը խոսել է մեր մունիցիպալիտետում տարածված վիրուսների մասին։

Ինչպես նշեց համաճարակաբանը, այսօր երկրում գրիպանման յուրաքանչյուր երկրորդ հիվանդություն կապված է գրիպի վիրուսի հետ։

«Բոլոր տարիքային խմբերի մոտ կարող են հանդիպել վիրուսները, բայց ամենախոցելին երեխաներն են։ Վիրուսները հիմնականում ազդում են թույլ իմունիտետ ունեցող մարդկանց վրա», – ասաց Գայանե Իսպիրյանը։

Ըստ բժշկուհու՝ ներկա պահին աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, սեզոնային վիրուսների պատճառով հիվանդները շատ են։ Եթե համեմատենք անցած տարիների հետ, ապա այս տարի ծանր դեպքեր չեն գրանցվել։

Գայանե Իսպիրյանը բնակիչներին հորդորում է, որ անպայման պատվաստվեն գրիպի դիմաց։

«Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ կարմրուկի վիրուսը սկսվում է ձմռան վերջ և շարունակվում մինչև ամռան սկիզբը։ Ամռան ընթացքում հետընթացք է ապրում, բայց չի վերանում, իսկ աշնանը սկսվում է տարածվել։

Ներկա պահին դեպքեր չունենք գրանցված, բայց տարածման մեծ վտանգ կա։ Մենք ունեցել ենք այս վիրուսի բռնկումը։ Այսպես արագ չի կարող անցնել, մենք հիմա սպասում ենք, որ պիկ կլինի, միակ ելքը կարմրուկից խուսափելու համար, դա պատվաստումն է։ Կան մարդիկ, ովքեր պարտադիր գալիս են պատվաստվելու, բայց ցուցանիշը ցածր է»,- ավելացրեց համաճարակաբան Գայանե Իսպիրյանը։