Երեկվանից սկսված և ողջ գիշերը շարունակվող առատ ձյան պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր գյուղական ճանապարհները դժվարանցանելի կամ անանցանելի են դարձել, սակայն տեղում աշխատում է, 2024 թվականին մունիցիպալիտետի գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու մրցույթը շահած, «ՋավախԱվտոԳզա» ընկերության տեխնիկան։ Ճանապարհների մաքրման այս տարվա մրցույթը ընթացքի մեջ է:

Երեկ՝ փետրվարի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում առատ ձյուն տեղաց, որը շարունակվեց ողջ գիշերը, ինչի հետևանքով գյուղական բոլոր ճանապարհները դժվարանցանելի, տեղ-տեղ նույնիսկ անանցանելի դարձրեց։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, մունիցիպալիտետի գյուղական ճանապարհների մաքրման համար պատասխանատու՝ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, ողջ գիշերը աշխատել է տարբեր գյուղերում ու առավոտից շարունակում է մաքրման աշխատանքները:

«Գյուղերում աշխատում են գրեյդերները, դեռ ուժեղ քամի չկա, փորձում ենք մինչ քամու սկսվելը հասցնել մաքրել ճանապարհները։ Մենք մաքրել ենք ճանապարհը Ղադոլար գյուղի ուղղությամբ, դեպի Կարծախ տանող ճանապարհը, արդեն սկսում ենք մաքրել Ափնիա և Գոգաշեն գյուղերի ուղղությամբ, մաքրում ենք Դիլիսկա- Չունչխա-Պտենա ուղղությամբ»,- պատասխանեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանը Աբուլ, Դադեշ, Կոկիո, Ալաստան գյուղերի ճանապարհների մաքրման զանգեր է ստացել, զանգեր ստացել են մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերից։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ճանապարհները ձյունից մաքրելու համար տարբեր ուղղություններով աշխատում է ընդհանուր առմամբ 5 միավոր տեխնիկա։

Նշենք, որ գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու մրցույթը անցած տարի շահել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը ու այժմ էլ մունիցիպալիտետում տվյալ աշխատանքները իրականացնում է նա։ Ախալքալաքը և մունիցիպալիտետի գյուղերը ձյունից մաքրելու 2025-2026-2027 թվականների մրցույթը հայտարարվել է փետրվարի 6-ին։ Դիմումների ընդունումն այս պահին ընթացքի մեջ է և կավարտվի փետրվարի 27-ին։