
Այսօր՝ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է` 156-ամյակը։
Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղում։
Հ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը – 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։