Հասարակություննորություններ 18 Փետրվարի, 2025 • Ի՞նչ է լինելու նախկին գիշերօթիկ դպրոցի մոտ գտնվող վթարային շենքերի տեղում

Օրերս ավարտվել է Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի տարածքում վթարային շենքերի քանդման աշխատանքները։ Քաղաքապետարանի տվյալներով՝ այս վայրում մեծ զբոսայգի կառուցելու ծրագրեր կան։

Շենքերի ապամոնտաժման համար Ախալքալաքի քաղաքապետարանը հատկացրել է 285 171 լարի, իսկ մրցույթում ամենացածր գինն առաջարկել է «Ինտեր» ՍՊԸ-ն, սակայն պայմանագիրը կնքվել է «Գոլդ» ՍՊԸ-ի հետ՝ 168 999,31 լարիով։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, ապամոնտաժված շենքերի տեղում զբոսայգի է կառուցվելու, սակայն դրա համար ֆինանսավորում դեռ չի հատկացվել և նախագիծը կազմված չէ։

Jnews-ը ևս գրել է, որ շենքերը վտանգավոր են և անհրաժեշտ է դրանք ապամոնտաժել, քանի որ վթարային շենքերը տեղակայված են եղել դպրոցի տարածքում, և դրանց մոտ հաճախ խաղացել են դպրոցականներն ու հարևան փողոցների երեխաները։ Եռահարկ շենքից տեղ-տեղ մնացել է չորս պատ, տեղ-տեղ՝ մեկ։ Տանիք չկա։ Սա Ախալքալաքի ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկի նախկին հանրակացարանի շենքն է։ Մոտակայքում է գտնվում նաև ճաշարանի շենքը՝ նույն վիճակում, իսկ ավելի հեռու՝ մեկ հարկանի լվացքատան շենքը։ Այս ամենը ներառված է Ախալքալաքի թիվ 5 դպրոցի ընդարձակ տարածքում։ Ախալքալաքի բնակիչներն այս վայրը հիշելով անվանում են գիշերօթիկ դպրոց։ Նախքան ԽՍՀՄ փլուզումը ֆիզիկամաթեմատիկական թեքումով այս դպրոցում սովորելը հեղինակավոր էր համարվում: Այն ԽՍՀՄ-ի փլուզվելով և վերափոխվելով սովորական դպրոցի փլուզվեց նաև անշարժ գույքը՝ հանրակացարանը, ճաշարանը և լվացքատունը։

Դպրոցի ուսուցիչները մի քանի անգամ նամակով դիմել են պետությանը՝ խնդրանքով դպրոցի հաշվեկշռից հանել երեխաների համար վտանգավոր շենքեր ներառող տարածքը։ Ուսուցիչները և ախալքալաքցիները վախենում էին, որ մի օր այս պատերը կփլվեն և մարդիկ կմնան փլատակներում, քանի որ դպրոցի շրջակայքում բնակելի փողոցներ կան, իսկ երեկոյան ժամերին հարևան փողոցների երեխաները դպրոցի տարածքում են, բնակիչները քայլում են։ Վտանգավոր շենքերը ոչ մի կերպ չեն ցանկապատվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝