Բանակցությունների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պայմանավորվել են ստեղծել խորհրդատվական մեխանիզմ՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ գերատեսչության ներկայացուցչին։

Ավարտվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուչությունների հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ։ Հանդիպման արդյունքները մասնակիցները դրական են գնահատել։

Դա Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին պաշտոնական հանդիպումն էր ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր, և այն տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։ Կիևը չի մասնակցել դրանց։ Վաշինգտոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները տեղի կունենան այլ փուլում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Էր Ռիադ, իսկ Վաշինգտոնը ներկայացնում էին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Պուտինի և Թրամփի հանդիպման մասին, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր, այսօրվա հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ հանդիպման կոնկրետ ժամկետ դժվար է նշել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումը դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, ինտենսիվ աշխատանք է պետք, Ուշակովի խոսքերն է մեջբերում РБК-ն։

Նրա խոսքով, դեռ դժվար է խոսել Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումների մերձեցման մասին, հայտարարել է Ուշակովը։

«Վատ չէ»,- պատասխանել է ՌԴ նախագահի օգնականը հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները։ «Շատ լուրջ խոսակցություններ են եղել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք մենք ուզում էինք շոշափել»։

ԱՄՆ-ի անունից նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը, հայտնում է Reuters-ը։ Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, ով կարող է ստիպել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել պայքարը, և հետո կիսվել է բանակցությունների արդյունքներով։ Ահա թե ինչի շուրջ են, ըստ նրա, պայմանավորվել Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները.

Ստեղծել խորհրդատվական մեխանիզմ՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար՝ դիվանագիտական առաքելությունների գործունեությունը կարգավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։

Նշանակել բարձր մակարդակի թիմեր, որոնք կսկսեն աշխատել Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու ուղղությամբ, որպեսզի հակամարտության ավարտը լինի կայուն, տևական և ընդունելի բոլոր կողմերի համար։

Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ապագա համագործակցության համար փոխադարձ աշխարհաքաղաքական շահերին, պատմական տնտեսական և ներդրումային հնարավորություններին առնչվող հարցերի շուրջ, որոնք կառաջանան Ուկրաինայի հակամարտության հաջող ավարտից հետո:

Շարունակել աշխատել՝ ապահովելու համար, որ գործընթացն առաջ շարժվի իր ժամանակին և արդյունավետ կերպով:

Նյութում օգտագործված է տեղեկություններ BBC.com-ից

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ-ից