նորություններ 18 Փետրվարի, 2025 • «Բժշկական հոլդինգի» երկու տարվա աշխատանքի արդյունքներն Ախալքալաքում

Առողջապահության ոլորտի բարեփոխումների շրջանակում, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր գյուղական ամբուլատորիաներն աստիճանաբար փոխանցվում են «Վրաստանի բժշկական հոլդինգին»։ Հոլդինգը գործում է ավելի քան 2 տարի, Ախալքալաքի մունիցիպալիտետից նրան է փոխանցվել 17 ամբուլատորիա կամ հողատարածք՝ ամբուլատորիաներ կառուցելու նպատակով, որոնցից, մեր տեղեկություններով, այս ձմռանը գործել է միայն մեկ գյուղի բուժամբուլատորիա։

Ընթացիկ տվյալներով, «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցվել է 17 ամբուլատորիա կամ տարածք հետևյալ գյուղերում՝ Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար, Արագվա, Տուրցխ, Բարալեթ, Գոգաշեն, Ալաստան, Կարտիկամ, Ալաթուման, Կումուրդո, Մեծ Խորենիա, Սուլդա, Էխտիլա, Կարծախ, Կուլիկամ։ Եթե գյուղում ամբուլատորիա չկա, ապա ընտրվում և փոխանցվում է հողատարածք ամբուլատորիայի կառուցման համար։

Կուլիկամ գյուղում Ախալքալաքի մունիցիպալիտետը մի քանի տարի առաջ հողատարածք էր հատկացրել ամբուլատորիայի կառուցման համար, սակայն շինարարությունն այդպես էլ չի սկսվել։ Այն բանից հետո, երբ սկսվել է ամբուլատորիաների «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցելու գործընթացը, 2023 թվականի հոկտեմբերին, ընկերության ներկայացուցիչները, տեղանքը գնահատելու նպատակով գյուղ են այցելել։ Սակայն գնահատումից հետո, նրա փոքրության պատճառով, Հոլդինգը հրաժարվել է ընդունել այդ հողամասը:

Կարծախ գյուղում շինություն չկար, Հոլդինգին հողատարածք էին հատկացրել շինարարության համար: Մեր տեղեկություններով, Կարծախ գյուղում նույնպես հողամասը չեն ընդունել, սակայն, ըստ գյուղում քաղաքապետի լիազոր Գաբրիել Կարապետյանի, նման բան չի եղել, և Հոլդինգը Կարծախ գյուղում այս տարի ամբուլատորիա է կառուցելու։

Երկու տարուց ավելի է, ինչ ամբուլատորիաները փոխանցվել են Հոլդինգին, գործընթացը շարունակվում է, սակայն դրանց աշխատանքները տեղում դեռ տեսանելի չեն։ Անցյալ տարի «Վրաստանի բժշկական հոլդինգ» ընկերությունը վերանորոգել է միայն Դիլիսկա գյուղի ամբուլատորիան։ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է ընդամենը 21 ամբուլատորիա, որոնցից 17-ն արդեն փոխանցվել է։

Ախալքալաքի ՀԱԿ տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, ամբուլատորիաներից աշխատում է միայն Դիլիսկա գյուղի ամբուլատորիան, մնացածները չեն աշխատում մշտական հիմունքներով, իսկ բուժքույրերն իրենց աշխատանքները տանից են կատարում։

Jnews-ը հարցում է պատրաստում «Վրաստանի բժշկական հոլդինգի», որպեսզի մանրամասն իմանա, ոթե ինչ է արել Հոլդինգն Ախալքալաքում, ինչու չեն աշխատում ամբուլատորիաները կամ ինչպես են դրանք աշխատում, ինչպես նաև կազմակերպության, մունիցիպալիտետում կատարվելիք հետագա աշխատանքների մասին ու տեղեկացնի իր ընթերցողներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հատուկ օր Ալաստանում

10 Օգոստոսի, 2025