
Թբիլիսիում այսօր նշվեց Սբ. Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների տոնը: Հավատավոր ժողովուրդը մասնակցեց ուխտագնացությանը դեպի Խարփուխի «Սուրբ Սարգիս» մատուռ։
Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորն առաջնորդվեց դեպի Մեյդանի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ էլ տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում:
«Առավոտյան կպատմեմ, թե ում տեսա», – շատերին ծանոթ այս արտահայտությունը նկարագրում է սիրո տոներից մեկը` Սբ. Սարգիս զորավարի տոնը:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին մարդաշատ էր, հավաքվել էին տասնյակ երիտասարդներ և անհամբեր սպասում էին իրենց հերթին՝ վերցնելու աղի բլիթը, որն էլ օգնելու է իրենց երազում տեսնել կյանքում երկրորդ կեսին: Աչքերում խանդավառություն իսկ ձեռքերում` աղի բլիթ, իրար թաքուն նայող ու ժպտացող աչքեր, երազ տեսնելու սպասում, հենց այսպիսինն է տոնը, որին երկար սպասում են երիտասարդները: Սուրբ Սարգիսը համարվում է սիրո և երիտասարդների հովանավորը։ Ըստ ավանդության՝ աղի բլիթ ուտելուց հետո երազում հայտնվող անձը կլինի ապագա սիրելին։ Այս հավատալիքը դարերի ընթացքում փոխակերպվել է, բայց չի կորցրել իր հետաքրքրությունը։
Սուրբ Սարգսի տոնը ոչ միայն սիրո մասին է, այլև հույսի, հավատքի և հույզերի։ Շատերը եկեղեցի էին եկել ոչ միայն զուտ ավանդույթը պահպանելու, այլև հոգու խորքում մի փոքրիկ երազանք պահելով՝ գտնել իրենց կեսին։
Տոնի խորհրդի հետ համահունչ, եկեղեցու ներսում ու դրսում մարդիկ ջերմ բարեմաղթանքներ էին փոխանակում, պատմում անցած տարիների երազների մասին, որոնք, ըստ նրանց, երբեմն իսկապես իրականացել են։
Սուրբ Սարգսի տոնը պատմում է սիրո մարտիկի, նրա քաջագործությունների, պայքարի, ինքնազոհաբերման ու հանուն Սիրո նահատակվելու մասին: Սուրբ Սարգիսը բոլորիս տոնն է, որովհետև սիրելով ու սեր տարածելով ենք մենք նմանվում Արարչին: