Այսօր, փետրվարի 13-ին Ջավախքի բոլոր հայկական եկեղեցիներում և գյուղերում, մասնավորապես Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում առանձնակի շուքով նշվեց Տեառնընդառաջի տոնը, ինչպես նաև կատարվեց նորապսակների օրհնության կարգ:

Տյառնընդառաջի տոնը կամ ջավախքյան բարբառով «Խեծաղը», «Տրնդեզը» մեզանում առանձնակի շուքով են նշում, հատկապես նորապսակ ունեցող ընտանիքները: Այս օրը նորապսակները հիմնականում եկեղեցի են գնում և թռչում խարույկի վրայով: Եկեղեցիներում անցկացվում է նորապսակների օրհնության արարողակարգ:

Jnews photo - 1

Jnews photo - 1

Նորապսակ ունեցող ընտանիքում իսկական տոնախմբություն է: Փեսացուի տանն են հավաքվում բարեկամներն ու խնամիները: Աղջկա ծնողները, բարեկամները նվերներով գնում են փեսայի տուն: Սեղանների շուրջ հավաքված երիտասարդներին տանտերը նախ «խեծաղ»՝ մեղրով բոված ցորեն է հյուրասիրում, որից հետո հավաքվածները շուրջպար են բռնում խարույկի շուրջ, իսկ նորապսակները 3-ից 7 անգամ կրակի վրայով են թռնում:

Կրակի վրայով են ցատկում նաև երեխա չունեցող կանայք ու չամուսնացած երիտասարդները, հույսով, որ Աստծո օրհնությամբ կհղիանան ու կամուսնանան: Երիտասարդներն այնքան են պարում և թռնում խարույկի վրայով մինչև այն հանգչի:

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:

Jnews photo - 1

Дизайн без названия - 1