
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ավելի ուշ, լրագրողների հետ հարցազրույցում Թրամփը հայտարարել է. «Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին, այս պատերազմը աղետ է»: Հեռախոսազրույցից հետո Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան սկսել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային խումբ ստեղծելու նախապատրաստական աշխատանքները:
Թրամփը հայտարարել է, որ «երկար և չափազանց արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ զրույցի ընթացքում նրանք պայմանավորվել են ռուս-ուկրաինական պատերազմում միլիոնավոր մարդկանց մահը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Թրամփն ասել է, որ ինքը և Պուտինը պայմանավորվել են աշխատել միասին, այդ թվում՝ փոխադարձ այցեր կատարել միմյանց երկրներ:
Ինչպես նշել է Թրամփը, նրանք պայմանավորվել են, որ իրենց թիմերը անմիջապես կսկսեն բանակցությունները։ Նա նաև նախատեսում է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և կիսվել նրա հետ զրույցի մանրամասներով։
Դոնալդ Թրամփն ասել է, որ հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին և հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկովին՝ ղեկավարելու բանակցությունները, որոնք, իր կարծիքով, հաջողությամբ կանցնեն։
Թրամփը նաև ասել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաների հետ կապված հարցեր։
Զրույցի մասին հայտնել են նաեւ ռուսական լրատվամիջոցները։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Պուտինն իր հերթին նշել է հակամարտության բուն պատճառները լուծելու անհրաժեշտությունը և համաձայնել Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար Սաուդյան Արաբիայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին Թրամփը ասել է լրագրողների հետ զրույցում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Թրամփը չի հստակեցրել, թե երբ կկայանա նախագահների հանդիպումը, թեև նշել է, որ դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում։
Թրամփին հարցրել են նաև Ուկրաինա կատարած այցի մասին, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է, որ դեռ չի պատրաստվում այցելել Ուկրաինա, թեև չի բացառում, որ դա կարող է լինել ապագայում։
«Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին, այս պատերազմը աղետ է»,- ասել է Թրամփը։
Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի վերաբերյալ Թրամփն ասել է, որ իրենք շատ լավ զրույց են ունեցել։
«Մոսկվան սկսել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային խումբ ստեղծելու նախապատրաստական աշխատանքները», – ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա, իհարկե, սկսվել է։ Հենց նախագահը համապատասխան որոշում կայացնի, մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների Ռուսաստան այցի հետ կապված դեռ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Դմիտրի Պեսկովի խոսքով, անհրաժեշտ է բավականին արագ կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, թեև այս հարցի շուրջ աշխատանքը դեռ նոր է սկսվում, և դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին։