Ախալքալաքի մունիցիպալիտետի Թոթխամ գյուղի բնակիչները դժգոհում են, որ գյուղում խմելու ջրի պակաս կա, խոսում են ջրամատակարարման նոր գիծ կառուցելու անհրաժեշտության մասին, և այն մասին, որ տեղական իշխանությունները, 6 տարի առաջ, խոստացել են նոր գիծ կառուցել, ու դեռ չեն կառուցել։

Կորխ և Թոթխամ գյուղերը խմելու ջուրը «Աբլար» ջրամբարից ստանում են նույն ջրամատակարարման գծով, բայց քանի որ Կորխ գյուղը Թոթխամից ցածր է, ջուրը հոսում է Կորխ գյուղ, իսկ թոթխամցիներին խմելու ջուրը հասնում է երեք օրը մեկ, այն էլ միայն պոմպի միջոցով։ Թոթխամցիների խոսքով, իրենց համեմատ Կորխ գյուղում ջուրը շատ է, բայց այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր խմելու ջուր չունեն։

Բնակիչներն արդեն 5-6 տարի է պայքարում են «Աբլար» ջրամբարից իրենց համար նոր ջրագիծ կառուցելու համար։

«Իմ տունը գծի վրա երկրորդն է և ես ջուր չունեմ, մղում եմ պոմպով, բայց այդպես էլ միշտ չէ, որ ջուրը գալիս է: Երկու գյուղի համար ջուրը մի գծով է հոսում, ուզում ենք, որ գծերը բաժանեն: Եթե այդպես լինի, իրենք էլ ջուր կունենան, մենք էլ»,- ասում է Արտակ Խորշիկյանը։

Թոթխամ գյուղում բնակվում է 35 ընտանիք։

Արկադի Հակոբյանը դժգոհում է, որ վեց տարի է խոստանում են գյուղում նոր գիծ կառուցել ու չեն անում։

«Ձմռանը, թեկուզ մի քիչ, բայց ջուրը հոսում է, ամռանն ընդհանրապես ջուր չունենք, նույնիսկ պոմպով, բոլորն էլ իրենց տանը պոմպ ունեն: Իմ տունը գտնվում է կենտրոնական խողովակից ընդամենը 20 մ հեռավորության վրա, ու առանց պոմպի ջուրը չի գալիս, կան տներ, որտեղ ջուրը չի բարձրանում մինչ լվացարան: Ես ամսական 100 լարի եմ վճարում էլեկտրականության համար: Դա այդպես է, որովհետև ես պոմպով եմ ջուրը մղում, այլ ելք չունեմ, իսկ պոմպը պետք է հզոր լինի: Իմ մոտ մի քանի պոմպ է փչացել, 5 պոմպ մեկ տարվա ընթացքում։ Ստիպված գնել եմ մեծ հզորությամբ»,- դժգոհում է Արկադի Հակոբյանը։

Հինգ տարի առաջ, ընտրություններից առաջ, խոստացել էին ու չեն արել, ասում է Էդգար Խորշիկյանը։

«Աբլարից նոր գիծ ենք անցկացնելու: Ոնց ապրենք առանց ջրի, խոստացել են ու չեն անում: Նոր գծի համար արդեն երեք տարի է խողովակ ենք առնում: Ջուրը գծով գնում է Կորխ, այնտեղ օգտագործում են ու մինչ մեզ չի հասնում: Տակառների մեջ ենք հավաքում, իսկ այնտեղ ջուրը նեխում է»,- ասում է Էդգար Խորշիկյանը։

Խորշիկյանի խոսքով, երեք տարի է, ինչ նրանք խողովակներ են գնում ՕԳԾ-ի գումարով, եթե նրանք նույնիսկ 10 տարի էլ շարունակեն խողովակներ գնել, էլի չի բավականացնի: Այս տարի նույնպես նրանք ՕԳԾ-ի գումարով որոշել են ջրի խողովակներ գնել։

Կորխ գյուղի բնակիչներն ասում են, որ Աբլար ջրամբարից պետք է նոր գիծ քաշել, գյուղի ամենաբարձր կետում ջրավազան կառուցել և այնտեղից այն բաշխել տներին։ Պետք է 80-90 տոննա տարողությամբ ջրավազան կառուցել, որպեսզի ջուրն այնտեղ հավաքվի ու բաշխվի։

Նոր ջրամատակարարման գծի ընդհանուր երկարությունը մոտ 10 կմ է։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, մունիցիպալիտետը նման մտադրություններ ունի, սակայն նախագիծ դեռ չկա։

«Մենք նման մտադրություններ ունենք, գարունը կգա, կտեսնենք»,- ասաց Արա Մովսեսյանը։