
Ախալքալաքի թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) հարևանությամբ շարունակվում են նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Շինարարները վստահեցնում են՝ աշխատանքներն ավարտել մոտակա օրերին։
Շինաշխատանքների պատասխանատու Նուգզար Թվարադձեի խոսքով, մինչև շաբաթվա վերջ կավարտեն նախակրթարանի կառուցումը։
«Շինարարությունն արդեն ավարտին է մոտենում։ Աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով և ամենակարևորը բարձր որակով։ Եթե մեր արած գործը մենք չենք հավանում, ինչպես կարող է ուրիշ մեկը հավանել, դրա համար էլ տեղեր կան, որ նորից քանդում ենք որպեսզի լավ անենք», – ասաց Նուգզար Թվարադձեն։
Հիշեցնենք, որ մանկապարտեզի կառուցման ավարտի ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել էր։ Ի սկզբանե, շինարարությունը պետք է ավարտվեր անցած տարվա սեպտեմբերին, սակայն ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ավարտ՝ չնախատեսված խնդիրների պատճառով, մասնավորապես՝ շինարարության ընթացքում վնասվել էին քաղաքի ջրամատակարարման համակարգի ջրատարները։ Վթարի վերացման համար ժամանակ է պահանջվել, այդ ընթացքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Մանկապարտեզի կառուցման մրցույթը հայտարարվել է 2023 թվականի մայիսի 10-ին։ Գումարը հատկացրել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը։ Էլեկտրոնային մրցույթը հաղթել է «IKB Build» ընկերությունը՝ 1 մլն 657 հազար լարիի չափով։ Պայմանագիրը կնքվել է 2023 թվականի հունիսի 9-ին։
Ըստ մրցութային փաստաթղթերի՝ մանկապարտեզի շենքը նախատեսված է 75 երեխայի համար (25 հոգանոց 3 խումբ)։
Jnews-ը անդրադարձավ նաև մնացած մանկապարտեզներին, հասկանալու համար՝ թե ի՞նչ փուլում են գտնվում շինարարական աշխատաքները և ե՞րբ են վերաբացվելու քաղաքի մանկապարտեզները։
Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի շինաշխատանքները սկսվել են անցած տարվա հուլիսին։ Ինչպես Jnews-ին տված մեկնաբանությունում նշեց ընկերության ներկայացուցիչ Անզոր Կապիանիձեն՝ ներկայումս աշխատանքներ են տարվում հիմքի և պատերի ամրացման ուղղությամբ։
«Մեզ նույնիսկ եղանակը չի խանգառում աշխատաքներ իրականացնելու հարցում։ Վերջնաժամկետ հստակ չեմ կարող ասել, մոտավորապես մեկ տարի էլ կշարունակվեն աշխատաքները», – ասաց Անզոր Կապիանիձեն։
Jnews-ը այցելեց նաև Ախալքալաք քաղաքի թիվ 1 և 3 մանկապարտեզներ, սակայն մեր այցելության պահին այս երկու մանկապարտեզներում շինարարություն չէր ընթանում։
N1-ին մանկապարտեզ՝ շինտարածքը մաքրված է անցած տարվանից, շինարարությունը դեռ չի սկսվել
N3 մանկապարտեզ՝ այստեղ ևս աշխատանքները չեն վերսկսվել
Ախալքալաք քաղաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները ևս վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ 7 մլն 522 հազար լարիի չափով մրցույթը շահել է «Մեդմշենի» ընկերությունը։ Մրցույթը հայտարարվել է գնացուցակի համաձայն՝ գնացուցակի մոտավոր արժեքը կազմում է 1 830 175,19 լարի։
Թիվ 3 մանկապարտեզը վերանորոգում է «Լաղի Կապիտալ» ՍՊԸ-ն, ընդհանուր պայմանագրային արժեքը՝ ներառյալ բոլոր աշխատանքները և ծառայությունները, կազմում է 3 261 495 լարի: Ցուցակային գինը՝ 1 775 269.93 լարի: Աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից հետո՝ 16 օրացուցային ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2025 թվականի ապրիլը։
Նշենք, որ վերանորոգման աշխատանքների պատճառով քաղաքի մանկապարտեզները փակ են, իսկ այդ նախադպրոցական հաստատությունների աշխատող ծնողների երեխաները հաճախում են գյուղական մանկապարտեզներ, իսկ մնացածը զրկված են պետական հաստատություններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից քանի որ գյուղերի մանկապարտեզներում տեղ չկա բոլորի համար։