JNEWS-ը զրուցել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամի) ավագ գիտաշխատող, Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձեի հետ գլոբալ քաղաքական լանդշաֆտի փոփոխությունների, Միացյալ Նահանգների դերի, USAID-ի հետ իրավիճակի և այս իրավիճակի ազդեցության մասին Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Աշխարհը սպասում էր Թրամփի երդմնակալությանը, որպեսզի հասկանա, թե ինչպիսին է լինելու աշխարհաքաղաքականությունն աշխարհում։ Ի՞նչ է արդյունքում: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը, և որքանո՞վ է տեղի ունեցողը մտահոգության տեղիք տալիս:ը

«Իմ կարծիքով, բոլորն էլ մտահոգվելու պատճառ ունեն՝ և՛ Միացյալ Նահանգների բարեկամները, և՛ նրա թշնամիները: Գլխավորը, որ մենք գիտենք այս պահին, այն է, որ Թրամփի քաղաքականության վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Նրա աշխատակազմը ստիպված է պարբերաբար բացատրել և ուղղել նրա հայտարարությունները: Օրինակ, երեկ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կգրավի Գազայի հատվածը, կհավասարեցնի այն գետնին ու այնտեղ միջերկրածովյան Ռիվիերան կկառուցի նախկին պաղեստինյան բնակավայրերի տեղում, իսկ պաղեստինցիներին ինչ-որ տեղ կտեղափոխի։ Ավելի ուշ նրա գրասենյակը պարզաբանեց, որ նա նկատի ուներ տեղի բնակիչների ժամանակավոր վտարումը, մինչ տարածքը մաքրվում էր փլվածքներից և զինամթերքից, որից հետո նրանք, ամենայն հավանականությամբ, կվերադառնան: Սակայն դա այն չէ, ինչ ասել է Թրամփը։ Նրա հայտարարությունը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել և չի եղել իր ելույթի պատրաստված տեքստի մեջ։ Սա վառ օրինակն է նրա, թե ինչպես է Թրամփն առանց խորհրդակցության կամ իրական հաշվարկների հայտարարություններ անում։ Նրա խոսքերից շատերն վերջում պարզապես «տաք օդ» են լինում, ինչպես ասում են Արևմուտքում: Ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակի հիմնական բնութագիրը Թրամփի քաղաքականության անորոշությունն ու անկանխատեսելիությունն է։

Ահա, օրինակ, Կանադայի և Մեքսիկայի հետ կապված իրավիճակը։ Նա սպառնացել է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել այդ երկրներից ներմուծվող ապրանքների վրա և արդեն հայտարարել է այդ մասին, թեև Մեքսիկան ԱՄՆ-ի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Սակայն նա արդեն սկսել է բանակցել ու մեկ ամսով հետաձգել սակագների ներդրումը։ Բանակցություններ են ընթանում նաեւ Չինաստանի հետ։ Տեսնենք, թե դա ինչպես կավարտվի, քանի որ նրա ամպագոռգոռ սպառնալիքները հաճախ կյանքի չեն կոչվում։

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում USAID-ի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ, և ինչպե՞ս է դա ազդում միջազգային նախագծերի և հարաբերությունների վրա:

— Այստեղ էլ բացարձակ հակասական հայտարարություններ են հնչում։ Մասկը, որին Թրամփը նշանակել է Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար, հայտարարել է, որ USAID-ը հանցավոր կազմակերպություն է, և Թրամփը աջակցել է դրա վերացմանը։ Նրա աշխարհայացքով՝ ԱՄՆ-ը չպետք է փող ծախսի որևէ մեկի վրա՝ առանց հստակ օգուտի։ Նրա համար անիմաստ է այն փաստարկը, որ ԱՄՆ-ը համաշխարհային կարգի գլխավոր երաշխավորն է։ Սա դիրքորոշում է, որը հակասում է ամերիկյան արտաքին քաղաքականության սկզբունքներին, որոնք գործում էին Վուդրո Վիլսոնի ժամանակներից:

Մյուս կողմից, պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ USAID-ի ամբողջական լուծարման մասին խոսք չկա, այլ միայն գործակալության գործունեության վերանայումն է կատարվում։ Ճիշտ է, որոշ դեպքերում USAID-ն իր գումարները չի ծախսել ամենաարդյունավետ ձևով, բայց առանց նրա ֆինանսավորման աշխարհը շատ այլ տեսք կունենար: Շատ զարգացող երկրներ կախված են ամերիկյան օժանդակությունից։

Նույնը վերաբերում է համաշխարհային քաղաքականության մեջ Միացյալ Նահանգների դերին։ Եթե չլիներ Ամերիկան, շատ միջին ու փոքր երկրներ պարզապես չէին լինի։ Մնում էին միայն մեծ կայսրություններ, որոնք մշտապես մրցում էին ազդեցության և ռեսուրսների համար: Սակայն Թրամփը կարծես թե չի հասկանում աշխարհում ԱՄՆ-ի պատմական դերը:

Ինչո՞ւ Թրամփն իր առաջին ժամկետում նման ագրեսիա չէր ցուցաբերում այս տիպի կազմակերպությունների նկատմամբ:

— Տարբերությունն այն է, որ առաջին անգամ ինքը չէր սպասում իր նախագահությանը։ Երբ նա պատահաբար եկավ իշխանության, նրա շրջապատում էին քաղաքական լուրջ փորձ ունեցող մարդիկ՝ ազգային անվտանգության խորհրդականներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ, զինվորականներ, հետախույզներ։ Նրանք իրեն հետ էին պահում։

Բայց հիմա նա վիճել է գրեթե բոլորի հետ և իրեն շրջապատել է մարդկանցով, ովքեր ամեն ինչում համաձայն են նրա հետ։ Օրինակ՝ Մասկը՝ նրա հոգեվիճակը կասկածելի է, իսկ աշխարհայացքը լրիվ տարբերվում է ամերիկյան ավանդական արժեքներից։ Եվրոպայի նկատմամբ նրա թշնամությունը պայմանավորված է անձնական շահերով։ ԵՄ-ն խոշոր կորպորացիաներից պահանջում է հարկեր վճարել, սակայն նրա բիզնեսները դա չեն անում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում: Բացի այդ, նրա «X» սոցիալական ցանցը գործնականում չի վերահսկում ծայրահեղական ելույթները, ինչի պատճառով էլ նրան տուգանքներ են սպառնում ԵՄ-ում։ Հետևաբար, նա անձնական կոնֆլիկտ ունի եվրոպական երկրների և ցանկացած կանոնակարգի հետ, որը խանգարում է իր բիզնեսին։

Հենց նման մարդկանց առկայությունն է Թրամփի շրջապատում, որը տարբերություն է ստեղծում նրա առաջին և ներկայիս ժամկետների միջև։

Արդյո՞ք Եվրոպան կողմնորոշվել է նոր աշխարհաքաղաքական պայմաններում ռազմավարության հետ կապված: Աշխարհը գործնականում գլխիվայր շուռ է եկել, և պարզ չէ, թե ով է ընկեր, ով է թշնամի։

– Չեմ կարող հստակ ասել, թե ինչ կանի Եվրոպան, բայց վաղուց ակնհայտ է, որ նա պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի անվտանգության ոլորտում ռազմավարական անկախության ուղղությամբ։

ԱՄՆ-ն ավանդաբար եղել է եվրոպական անվտանգության գլխավոր երաշխավորը, և շատ երկրներ չարաշահել են դա՝ ՀՆԱ-ի 2%-ը չհատկացելով պաշտպանությանը, ինչպես նախատեսված է ՆԱՏՕ-ի պայմանագրերով։ Ի դեպ, երբեմն Թրամփի կոշտ հայտարարությունները նույնիսկ դրական ազդեցություն են ունեցել՝ որոշ երկրներ ավելացրել են ռազմական ծախսերը։

Բայց խնդիրն այն է, որ Թրամփը թքած ունի ՆԱՏՕ-ի վրա, նա պարզապես չի հասկանում, թե ինչու պետք է ԱՄՆ-ն ապահովի այլ երկրների, նույնիսկ դաշնակիցների անվտանգությունը։ Ուստի Եվրոպան պետք է լրջորեն մտածի իր պաշտպանության մասին և ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Թրամփը ժամանակավոր երևույթ է, սակայն երաշխիք չկա, որ ամերիկացի ապագա առաջնորդները նույն կերպ չեն մտածի։

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ինչպե՞ս է անդրադառնում Հարավային Կովկասի վրա: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում Վրաստանում և Հայաստանում:

– Չեմ կարծում, որ այս իրավիճակը երկար կտևի։ Պետք է գա հավասարակշռության մի պահ։ Այժմ Վրաստանը, ավելի ճիշտ՝ Իվանիշվիլիի ռեժիմը, երես է թեքել ԱՄՆ-ից և Եվրոպայից, բայց նոր ռազմավարական գործընկեր ձեռք չի բերել։

Ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Մերձավոր Արևելքը չեն փոխարինել Արևմուտքին տնտեսական և անվտանգության հարցերում։ Իսկ միջազգային համակարգը չի հանդուրժում վակուում։

Ինչո՞ւ է Վրաստանը ձգտում փոխել իր քաղաքական կուրսը:

— Դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային առաջարկել է մինչև 2030 թվականն անդամակցության հեռանկարը՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Սա ստիպեց Իվանիշվիլիին ընտրել՝ իրականացնել բարեփոխումներ և վտանգի ենթարկել իշխանությունը կորցնելը, կամ հրաժարվել եվրաինտեգրումից: Նա ընտրեց երկրորդը:

Վերջին տարիներին նա բացահայտ հարձակվել է երկրում ժողովրդավարության վրա, ճնշել քաղաքացիական հասարակությանը և ընդունել ռեպրեսիվ օրենքներ: Ըստ երևույթին, նա հույս ունի, որ ԱՄՆ-ն և Եվրոպան չափազանց զբաղված են իրենց խնդիրներով, որպեսզի հակազդեն:

Բայց Վրաստանը չունի կայուն բռնապետության ռեսուրսներ։ Ի տարբերություն Բելառուսի կամ հարուստ բնական պաշարներով երկրների, նրա տնտեսությունը չափազանց կախված է Արևմուտքից: Այսպիսով, ավտորիտար ռեժիմ հաստատելու փորձը դատապարտված է ձախողման, եթե նույնիսկ ընդունվեն բոլոր նախատեսված օրենքները։