Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է «Օգնություն գյուղին» (ՕԳԾ) ամենամյա ծրագիրը։ Փետրվարի 4-ից, առաջնահերթ աշխատանքներն ընտրելու նպատակով, գյուղերում անցկացվում են ժողովներ։ JNEWS-ը դիտարկել է առաջնահերթությունների ընտրությունը չորս գյուղերում՝ Մաջադիա, Օրջա, Թոթխամ և Կորխ: Մունիցիպալիտետի 64 գյուղի բյուջեն 2019 թվականից մնում է անփոփոխ և կազմում է 922 000 լարի։

Փետրվարի 4-ից մունիցիպալիտետի գյուղերում մեկնարկել են առաջնահերթ աշխատանքների ընտրությունները։ Հանդիպումների ժամանակ բնակիչները ընտրում են մեկ կամ մի քանի աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն ՕԳԾ-ի ծրագրով: Քաղաքապետարանը ժողովներին մասնակցելու, դրանք համակարգելու և ուղղորդելու համար ստեղծել է ժամանակավոր հանձնաժողովներ, չմիջամտելով ընտրությանը։

Փետրվարի 6-ին JNEWS-ն այցելեց և հետևեց հանդիպումներին Մաջադիա, Օրջա, Կորխ և Թոթխամ գյուղերում:

joxov PPS

Գյուղերում ներկա էին Ախալքալաքի քաղաքապետարանի Կազմակերպչական բաժնի պետ Վաչագան Ծորմուտյանը և քաղաքապետարանի կազմակերպչական աշխատանքների մասնագետ Վենեդիկ Ղազարյանը։ Նրանք հանդիպումները սկսեցին հանձնաժողովի ընտրությամբ, ովքեր վերահսկելու էին աշխատանքների ընթացքն ու արդյունքները: Նախապատվությունը տրվեց նրանց, ովքեր ամռանը չեն մեկնելու արտագնա աշխատանքների։

Մաջադիա գյուղում բնակիչները հավաքվել էին այն շենքում, որտեղ սովորաբար հավաքվում և ժամանակ են անցկացնում բնակիչները։ Հավաքվել էր մոտ 25 մարդ։ Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաքվածներին բացատրեցին իրենց այցելության պատճառը և խնդրեցին նշել, թե գյուղում ինչ աշխատանքներ են նախընտրում իրականացնել 2025 թվականին։ Մաջադիա գյուղի ՕԳԾ-ով գումարը կազմում է 16000 լարի։

Առաջարկ եղավ գումարը ծախսել գյուղի ծիսակատարությունների տան բարեկարգման վրա, սակայն պարզվեց, որ շենքը մունիցիպալիտետի հաշվեկշռում չի գտնվում։ ՕԳԾ-ի գումարը կարող է ծախսվել միայն մունիցիպալ սեփականության բարելավման վրա: Գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Էդգար Եվաջյանը խոստացավ, որ ինքը կզբաղվի այդ հարցով, և այդ աշխատանքները կիրականացվեն, երբ շենքը տեղափոխվի մունիցիպալիտետի հաշվեկշռին։

Բնակիչների կողմից առաջարկներ եղան գումարը ծախսել շենքի բակի բարեկարգման, ջրամատակարարման գծի վերականգնման վրա, սակայն այդ առաջարկները մերժվեցին, ջրամատակարարման գիծը մունիցիպալ չէ, և միայն մեկ հոգի էր կողմ բակի բարեկարգմանը։ Քաղաքապետի ներկայացուցիչն ասաց, որ եթե ծիսակատարությունների տան շենքը հնարավոր չէ փոխադրել մունիցիպալ հաշվեկշռին, ապա կարելի է ՕԳԾ-ի գումարով ծածկ կառուցել մանկական խաղահրապարակի և մարզասարքերի վրա, որոնք, ըստ նրա, մունիցիպալիտետը մտադիր է այս տարի տեղադրել գյուղում՝ մանկական խաղահրապարակի հարևանությամբ։

Հանդիպման արդյունքում ընտրվեցին երկու առաջնահերթ աշխատանք՝ ծիսակատարությունների տունը և մանկական խաղահրապարակի վրայի ծածկը:

joxov orja

Օրջա գյուղում առաջնահերթությունների ընտրության համար հավաքվել էր մոտ 40 մարդ։ Միայն մեկ առաջարկ եղավ, որին բոլորը համաձայնվեցին: Օրջայում պայմանավորվեցին վերանորոգել այն շենքը, որտեղ կայացավ այս հանդիպումը։ Սա գյուղի բնակչության հավաքատեղին է, հին շինություն է։ Գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ռոբերտ Արևյանի առաջարկով քննարկվեց նաև էլեկտրաէներգիայի ծախսերի վճարման հարցը, քանի որ որոշվեց ջեռուցման համար օգտագործել էլեկտրաէներգիա։ Գյուղացիները համաձայնվեցին էլեկտրաէներգիայի ծախսի գումարը հավաքել ամբողջ գյուղով։ Օրջա գյուղի ՕԳԾ-ի գումարը կազմում է 16000 լարի։

Առաջնահերթություններն ընտրելու համար Կորխ գյուղում հավաքվել էր մոտ 35 մարդ էր։ Կորխ գյուղում եւս մեկ առաջարկ արվեց, որն էլ ընդունվեց որպես առաջնահերթ աշխատանք։ Հավաքվածները որոշեցին ՕԳԾ-ով գումարը ծախսել ծիսակատարությունների տան վրա (սեղաններ և աթոռներ գնել, ջեռուցիչների քանակը ավելացնել և այլն)։ Կորխ գյուղում բողոքեցին վատ ճանապարհներից, սակայն քաղաքապետարանի աշխատակիցներն ասացին, որ այս տարի գյուղի ճանապարհը մինչև կենտրոն կասֆալտապատվի։ Կորխ գյուղի ՕԳԾ-ով գումարը 16000 լարի է։

joxov korx

Վերջին գյուղը, ուր փետրվարի 4-ին գնացին Վաչագան Ծորմուտյանն ու Վենեդիկ Ղազարյանը, Թոթխամն էր։

Թոթխամ գյուղում մոտ 20 մարդ էր հավաքվել։ Թոթխամ գյուղի բնակիչները դժգոհեցին գյուղում խմելու ջրի բացակայությունից։ Երեք տարի գյուղը ՕԳԾ-ի գումարով ջրատար խողովակներ է գնում, այս տարին ևս բացառություն չէր։ 2025 թվականը չորրորդն է: Նրանք որոշեցին այս տարի նորից ջրի խողովակներ գնել, գյուղում տեղադրելու համար։ Թոթխամ գյուղի գումարը 10000 լարի է։

Նշենք, որ գյուղերում ակտիվությունը բավարար չէր, քաղաքապետի ներկայացուցիչների խոսքով, բնակիչները հանդիպման մասին իմացել են մեկ ամիս առաջ:

joxov totxam

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի ՕԳԾ-ի գումարը կազմում է 922 000 լարի։ Մունիցիպալիտետի առաջնահերթ աշխատանքների ընտրության հանդիպումները, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կայքում հրապարակված ժամանակացույցի, սկսվել է փետրվարի 4-ին և կավարտվի փետրվարի 14-ին։