Ախալքալաքում վարորդներն իրենք են խոսում տեխզննման կարևորության մասին։ Սակայն շատերն են խնդիրների առաջ կանգնում, քանի որ մեքենաները հին են և տեխզննումը չեն անցնում։

Վարորդները կարևորում են, որ ցանկացած մեքենա տեխզննում անցնի, ինչը՝ ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորի անվտանգության երաշխիքն է։

«Տեխզննումը շատ կարևոր է մեքենայի համար, ամեն մանրուքին ուշադրություն են դարձնում։ Ճիշտ է, ես գումար եմ վճարում, որ նայեն մեքենայիս և մի տարի առանց տուգանքի վարեմ, բայց շատ կարևոր է այն, որ իմ մեքենան շահագործման ենթակա է։ Հույս ունեմ, որ տեխզննման գները չեն թանկացնի», – ասաց Մամիկոն Մինասյանը։

Տաքսու վարորդ Լյովա Հակոբյանի խոսքով, ինքը մի տարի առանց տեխզննման է երթևեկել Ախալքալաքում, իսկ տուգանքներից խուսափելու համար «հատուկ» քարտեզով է երթևեկել։

«Երբ իմ մեքենան տեխզննում անցած չէր, ես մեր մունիցիպալիտետից դուրս չէի երթևեկում, իսկ տուգանքներից խուսափելու համար ոչ բոլոր փողոցներով էի երթևեկում։ Քանի որ բոլոր տեսախցիկների տեղերը գիտեմ, կարողանում էի շրջանցել դրանք, ինչը դժվարացնում էր իմ երթևեկությունը», – ասաց Լյովա Հակոբյանը։

Բանն այն է, որ վերջինիս մեքենան Opel մակնիշի, հին մեքենա է եղել, որը իմանալով չի տարել տեխզննման։

«Գիտեի, որ տեխզննում չի ացնի, ստիպված հին մեքենաս փոխարինեցի նորով։ Հիմա վարում եմ Mersedes մակնիշի ավտոմեքենա։ Ամեն տարի տանում եմ տեխզննման։ Տեխզննումը շատ կարևոր է, վստահ ես լինում, որ անխափան կարող ես երթևեկել», – հավելեց տաքսու վարորդ Լյովա Հակոբյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների մեկը, ով չցանկացավ նշել անուն ազգանունն ասաց․

«Ես արդեն երկար ժամանակ է մեքենաս տեխզննման չեմ տանում, որովհետև գիտեմ, որ չի ացնի, խնդիրները շատ-շատ են։ Տեսախցիկների տեղերը գիտեմ մոտավորապես, քաղաքի մեջ մի կերպ քշում եմ։ Լինում է, որ տեսախցիկը նկարում է, ստիպված տուգանքը վճարում եմ։ Մտածում եմ մեքենաս վաճառեմ, վարկ վերցնեմ և նորը գնեմ, որպեսզի հանգիստ կարողանամ գյուղից քաղաք հասնել»։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղում մի քանի տարի է արդեն գործում է «Green Way» մեքենաների տեխնիկական զննման կենտրոնը։ Այստեղ ամեն օր հերթեր են։ Հերթերից խուսափելու համար պետք է նախօրոք գրանցվել այս կայքում www.greenway.ge կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 032 2 99 77 77։

«Եթե մարդը նախօրոք է գրացվում իր համար է դա լավ, ավելորդ չի սպասում։ Որ ժամին գրանցվել է, այդ ժամին նրա մեքենան նայում ենք։ Մարդիկ կան, ովքեր անտեղյակ են,  գալիս են և փորձում նույն օրը գրանցվել, որպեսզի հենց այդ պահին նայենք նրա մեքենան», – ասաց «Green Way» տեխզննման կենտրոնի մենեջեր Մանուչար Բերիձեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Jnews-ը գրել էր, որ հնարավոր է Վրաստանում տրանսպորտային միջոցների տեխզննման արժեքն այս տարվանից 50 տոկոսով կթանկանա, մասնավորապես՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար տեխզննումը 60-ից կդառնա 90 լարի։

Վրաստանում 2018 թվականից բոլոր կատեգորիաների մեքենաների տեխնիկական զննումը պարտադիր է դարձել։ Դրանից ի վեր սակագները ոչ մի անգամ չեն վերանայվել։

Թեթև մարդատար ավտոմեքենաների համար տեխզննում անցնելու արժեքը կազմում է 60 լարի, բեռնատարների համար՝ 100 լարի, էլեկտրամոբիլների համար՝ 48 լարի։

Կարդացեք նաև՝