Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղի բնակիչները 30 տարի բողոքում էին իրենց ասբեստե ջրի խողովակները պլաստմասե խողովակներով փոխարինելու անհրաժեշտությունից։ Նոր ջրագիծը դժվարությամբ, սակայն կառուցվեց, բայց բնակիչները դեռ օգտվում են հին ջրագծից։

Ալաթումանի ջրատարի կառուցման համար ծախսվել է 290 755 լարի, սակայն գյուղի վերին հատվածի բնակիչները շարունակում են խմելու ջուրը ստանալ ասբեստե խողովակներից։

2017 թվականի աշնանը, մունիցիպալիտետը 205 հազար լարի հատկացրեց Ալաթուման գյուղում ջրամատակարարման նոր համակարգի կառուցման համար, աշխատանքներն իրականացրեց անհատ ձեռներեց Գարիկ Զարմարյանը: Շինարարությունն ավարտվեց 2019 թվականին, սակայն խողովակներով ջուրը չհոսեց։ Մունիցիպալիտետը հրաժարվեց վճարել, պատճառաբանելով անհաջող արդյունքը։ Շինարարը դա վիճարկեց դատարանում և ստացավ գումարը, քանի որ աշխատանքները կատարել էր հաստատված նախագծով։ Արդյունքում, 2019 թվականին նա ստացավ մոտ 25 000 լարի։

Հետագայում մշակվեց նոր նախագիծ՝ 750 լարի արժողությամբ, և նոր աշխատանքների համար հատկացվեց 85 005 լարի։ Ջրագիծը կառուցեցին, բայց ջուրը միայն մեկ ամիս հոսեց ու հետո դադարեց։

Տեղական իշխանությունները երկու անգամ գյուղի համար նոր ջրագիծ են կառուցել, ծախսելով մոտ 300 հազ լարի։ Բնակիչներին ջրով ապահովելու համար անհրաժեշտ էր շրջանցել նոր ջրավազանը և նոր գիծը միացնել ասբեստից հին գծին։ Ջուրը մոտ 300 մետր հոսում է ասբեստե խողովակներով։ Երբ 2022 թվականին նոր գիծը միացրին հնին, խոստացան, որ դա ժամանակավոր միջոց է, բայց մինչ օրս գյուղացիները ջուրը խմում են ասբեստե խողովակներից։

Մակբեթ Տոնոյանն ափսոսում է, որ իրենք պայքարեցին, կառուցեցին նոր ջրագիծը, սակայն կրկին ասբեստե խողովակներից են ջուր խմում:

«Նոր ջրագիծը Բեժանո գյուղից է անցկացվել, բայց անարդյունք: Գյուղի ներքևի հատվածում ջուրը նորմալ է, բայց գյուղի վերին հատվածը նորից ջուրը ստանում է ասբեստե խողովակներից: Նոր ջրագիծը չի մտնում ջրավազան, ինչպես նախագծված էր, այլ շրջանցում է ջրավազանը և միանում հին գծին: Մենք իզուր այդքան պայքարեցինք»,- ասում է Մակբեթ Տոնոյանը:

Սուսաննա Տոնոյանն ասում է, որ իրենք ջուր ունեն, սակայն մտահոգված են, որ ասբեստը կարող է բացասաբար ազդել իրենց առողջության վրա։

«Ծորակից հոսող ջուրը կեղտոտ է: Չգիտեմ ինչու է այդպես, դա տղամարդկանց գործն է: Հավանաբար գործը չեն ավարտել»,- ասաց Սոնա Տոնոյանը։

Ալաթուման գյուղում նորընտիր գյուղապետի ներկայացուցիչ Արկադի Կարապետյանն իրավիճակը մեկնաբանեց այսպես.

«Տներում ջուր կա: Ես երկու ամիս է, ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը: Հիմա ձմեռ է, բայց գարնանն այս հարցը կլուծվի, մեկ օրում կլուծենք։ Պետությունն այստեղ այլեւս անելիք չունի, նա իր գործն արել է: Գյուղացիները պետք է իրենց տներից նոր ջրագիծ անցկացնեն և միանան նոր փոքրիկ ջրավազանին։ Իսկ այդ ավազան ջուրը մտնում է նոր, մեծ ջրավազանից, որն այժմ նոր գիծը շրջանցում է։ Յուրաքանչյուր ոք պետք է մոտ 20-30 մետր ջրագիծ անցկացնի դեպի իր տուն»,- ասաց Արկադի Կարապետյանը։

Հարցին, թե ինչու գյուղացիները ջրամատակարարման նոր գիծ չեն անցկացնում, չէ որ նրանք 30 տարի է բողոքել են ասբեստե ջրատարների առկայությունից, Արկադի Կարապետյանն ասաց.

«Ես չգիտեմ: Դուք կարծում եք, որ մենք մեր մասին չենք մտածում: Մեծ ջրավազանը մաքրելն էլ խնդիր չէ: Ինձ նշանակել են, որպեսզի ես այս հարցը լուծեմ»։