
Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամդուրա գյուղից Փիլոսյան Հարությունը, 2024 թվականի հունվարից, կիսաֆաբրիկատներ է արտադրում։ Ձեռնարկատերը հույս ունի այն աստիճան ընդլայնել իր արտադրամասը և վաճառքի շուկան, որ այս արտադրությունը դառնա իր ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը:
Չամդուրա գյուղում գտնվող մսամթերքի կիսաֆաբրիկատների ընտանեկան փոքր արտադրամասը արտադրում է խինկալի, պելմենի, Կիևյան կոտլետներ և կուպատի:
Փիլոսյան Հարությունը, կարտոֆիլագործության խնդիրներից հոգնելով, որոշել է այլընտրանք գտնել: Ընտանիքի երկու որդիներից կրտսերը երազում է խոհարար դառնալ, հենց այս երազանքն էլ նոր բիզնեսի խթան է հանդիսացել։ Հարություն Փիլոսյանը, կնոջ՝ Ելենա Ավագյանի հետ բացել են արտադրամաս և պատրաստում են կիսաֆաբրիկատներ։ Արտադրամասում աշխատում են երկուսով։
Ընտանիքն այս բիզնեսում ներդրել է մոտ 30 հազար լարի, որը դեռ չեն փակել։
«Գաղափարը կրտսեր որդուս էր պատկանում, մտածեցինք, որ մենք կսկսենք, հետո նա կշարունակի: Մեր արտադրանքը մի քիչ թանկ է, որովհետև թարմ տավարի մսով ենք պատրաստում: Վաճառքի համար հանձնում ենք խանութներին: Մեր արտադրանքը թանկ է, դրա համար քիչ է վաճառվում: Փաստաթղթում տավարի և խոզի միս եմ գրել, ինչպես կարող եմ ավելացնել էժանագին հավի միս, ես չեմ էլ ուզում: Մեր ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը դեռ կարտոֆիլն է»,- ասում է Հարություն Փիլոսյանը։
Փիլոսյանի կիսաֆաբրիկատները վաճառվում են Ախալքալաքի որոշ խանութներում, Վաչիան, Դիլիսկա և Չամդուրա գյուղերի խանութներում, ինչպես նաև Նինոծմինդայի որոշ խանութներում։
Հարություն Փիլոսյանն ասում է, որ իրենց արտադրանքն ամենաշատը վաճառվում է գյուղատնտեսական աշխատանքների պիկի սեզոնին՝ գարնանն ու աշնանը։
1 կգ խինկալին և պելմենին արժե 9 լարի, Կիևյան կոտլետն արժե 1 կգ-ը 11 լարի, կուպատին՝ 25 լարի։
«1 կգ խինկալին մեզ վրա նստում է 7 լարի, հաշվի առնելով, որ մենք աշխատող չենք վարձում: Խնդիրը վաճառքի մեջ է, շուկաներ պետք է գտնել: Ես առաջարկով գնացել եմ Ախալցիխե, Նինոծմինդայի բոլոր գյուղերը: Նինոծմինդայի գյուղերում նույնիսկ հրաժարվեցին վերցնել, ասում են՝ թանկ է, բայց իմ ապրանքը բարձր որակի է»,- ասում է Փիլոսյանը։
Հարություն Փիլոսյանն ասում է, որ եկամուտ կա, բայց իրացման խնդիրը խանգարում է արտադրության զարգացմանը:
Նրանք երազում են արտադրության ընդլայնման մասին, որպեսզի այլևս չզբաղվեն կարտոֆիլագործությամբ, սակայն չեն կարող ընդլայնել իրացման շուկան։
«Ցանկացած բիզնեսի զարգացման համար գլխավորը դա իրացման շուկան է: Ես մեծ հաճույքով եմ այս գործով զբաղվում: Մեր տարածքում որակյալ, թանկ ապրանքը լավ չի վաճառվում, հատկապես եթե կա դրա էժան տարբերակը»,- ասում է Հարություն Փիլոսյանը։
Փիլոսյանները մտածում են արտադրամասի տեսականու ընդլայնման մասին, սակայն փաստաթղթերի պատրաստումը նրանց համար բավականին դժվար է։
«Յուրաքանչյուր տեսականու համար ես առանձին փաստաթուղթ եմ պատրաստել: Իմ նման նորեկի համար դա շատ դժվար էր, մանավանդ, երբ վրացերեն չգիտես: HACCP (Վտանգի վերլուծություն եւ քննադատական վերահսկման կետեր) ստանդարտներով փաստաթղթեր պատրաստելը շատ աշխատատար գործընթաց է: Չեմ ուզում, իմ համար դժվար է Թբիլիսիում նորից անցնել այդ գրասենյակներով»,- ասում է Հարությունը:
Սեփականատիրոջ խոսքով, Չամդուրա գյուղի կիսաֆաբրիկատների արտադրության արտադրամասը Թբիլիսիի մասնագետների կողմից երկու անգամ ստուգվել է, իսկ երեք անգամ՝ Ախալցիխեի պարենային գործակալության կողմից։
Փիլոսյանների ընտանիքը հույս ունի, որ իրենց փոքր բիզնեսը կզարգանա, և իրենք կհասնեն իրենց առջև դրված նպատակներին։