
Համաշխարհային շուկաներում ոսկու գինը հերթական ռեկորդն է սահմանել: Երեկ ուշ երեկոյան բորսաներում մեկ ունցիայի գինը նույնիսկ գերազանցել է 2 876 դոլարը։ Այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 11:30-ին մեկ ունցիան արժե 2 857 դոլար, ինչը մեկ տարում ավելի է 39,68%-ով, իսկ մեկ ամսում՝ 7,24%-ով։
Արծաթը նույնպես թանկացել է ամսվա կտրվածքով 7,34%-ով, իսկ տարվա կտրվածքով՝ 44,24%-ով։ Մեկ ունցիայի ներկայիս գինը 32,26 դոլար է։
Հարկ է նշել, որ ոսկու գների նախկին պատմական առավելագույնը գրանցվել է հունվարի 30-ին, երբ ունցիայի արժեքը գերազանցել է 2 850 դոլարը։ Reuters-ի փոխանցմամբ՝ դրա պատճառ է դարձել Դոնալդ Թրամփի՝ առևտրային մաքսատուրքերի ներդրման մասին հայտարարությունը, որն անհանգստացրել է ներդրողներին։
Այդ ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Կանադայի և Մեքսիկայի համար, իսկ 10 տոկոս՝ Չինաստանի համար: Սակայն ավելի ուշ Թրամփը 30 օրով կասեցրել էր Մեքսիկայի և Կանադայի 25 տոկոս մաքսատուրքերն այն բանից հետո, երբ երկրները պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել սահմանային անվտանգության ամրապնդման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ճնշման համար: